ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:
Ողջունելով դեսպանին՝ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում ՀՀ Կառավարության առաջնահերթությունները, նախարարության գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող ծրագրերը: Հաշվի առնելով Ֆինլանդիայի հարուստ փորձը տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և կապի ապահովման բնագավառներում՝ նախարարը կարևորել է Ֆինլանդիայի հետ համագործակցությունը ոլորտային մի շարք ուղղություններով:
Դեսպան Կիրստի Նարինենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ներկայումս գործողությունների պլան է մշակվում, որպեսզի հստակեցվի այն կոնկրետ ոլորտները, որոնցում հայ-ֆինլանդական համագործակցությունը կարող է հաջողել և փոխշահավետ լինել: Դեսպանը ողջունել է այն փաստը, որ Հայաստանում կանանց ներգրավվածությունը ՏՀՏ ոլորտում բավական մեծ տոկոս է կազմում՝ լինելով բարձր համաշխարհային միջին ցուցանիշից։ Սա լավ արդյունք է Հայաստանը նորարար աշխարհին նորովի ներկայացնելու:
Կիրստի Նարինենը նշել է, որ համագործակցության կարևոր հարթակ կարող է հանդիսանալ նաև ՄԱԿ-ի «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» թեմատիկ դաշինքը, որի աշխատանքներն ուղղորդվելու են որպես առաջնորդ ընտրված երեք երկրների՝ Հայաստանի, Ֆինլանդիայի և Թունիսի կողմից։
Փոխճանաչելիությունը բարձրացնելու նպատակով կողմերը քննարկել են Հայաստանում և Ֆինլանդիայում անցկացվող ցուցահանդեսներին և համաժողովներին երկու երկրների ոլորտային ընկերությունների մասնակցության հնարավորությունները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել բարձր տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, թվայնացման, ինչպես նաև տեխնոլոգիական կրթության ոլորտներում երկուստեք իրականացված հաջող ծրագրերի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ: