Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, անդրադառնալով կորոնավիրուսից մահացության այսօրվա թվերին, սթափության կոչով է հանդես եկել:
«Դիմում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր վստահում ու հավատում են ինձ, հավատացե՛ք՝ մեր ոչ համախմբված ցանկացած քայլ ավելի է բարդացնում առանց այդ էլ բարդ այս իրավիճակը։
Սիրելի՛ քաղաքացիներ, այլընտրանք չունենք և ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարենք աշխարհին, այդ թվում նաև՝ մեզ բաժին հասած այս աղետը։
Եվ այսպես, եկեք՝
• սառնասիրտ ու առանց խուճապի կատարենք պատկան մարմինների ցուցումները.
• հետևենք, առաջնորդվենք և ի գիտություն ընդունենք միայն հավաստի մասնագիտական տեղեկատվությանը.
• անկախ հայացքներից, տեսակետներից և տարակարծություններից, համախմբվենք պետական լիազոր մարմնի շուրջ և կատարենք միայն բուժաշխատողների հորդորները:
Հավաստիացնում եմ ձեզ, որ մեր բժիշկները, բուժքույրերը, մայրապետները իրենց պարտքը կատարում են անմնացորդ, և վստահ եմ, որ այս անգամ ևս հենց մեր բուժաշխատողների ջանքերի շնորհիվ կհաղթահարենք մեզ բաժին հասած այս աղետը:
Գիտեմ, որ մեր բուժաշխատողները իրենց գործի գիտակն են և իրենց մասնագիտական ճանապարհին հաղթահարել են բազմաթիվ ծանր փորձություններ:
Ուզում եմ կրկին ևս մեկ անգամ հատուկ շնորհակալություն հայտնեմ ինչպես միշտ իրենց պարտքն անվերապահորեն կատարող մեր բուժաշխատողներին…Կեցցե՛ք դուք: Բոլորիս առողջություն:
Տեղեկացնեմ նաև, որ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքում ներկա պահին բուժում է ստանում շուրջ 146 քաղաքացի՝
• ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 28 քաղաքացի,
• ծանր վիճակում՝48 քաղաքացի։
Հավելեմ, որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 76 քաղաքացներից միայն 1 քաղաքացի ունենք, որը պատվաստված է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մուրադյանը: