ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ մոտենում է արցախյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունման մեկ տարին:
«Կողմերը հստակեցրել են մոտեցումները հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման հարցերի շուրջ: Ս. Լավրովը կարևորել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ողջ համալիրի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակումը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: