Հայաստանում 2021-ի հունվար-հոկտեմբերին հավաքագրված հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12.7 տոկոսով: ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
Գալիք տարվա բյուջեի նախագծի քննարկման շրջանակում ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաև աշխատատեղերի քանակին՝ ներկայացնելով սեպտեմբեր ամսվա տվյալները:
Սպասվելիք ծրագրերին անդրադառնալով՝ Բադասյանը տեղեկացրեց՝ 2024-ին կավարտեն ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ Մեղրիի անցակետի կառուցումը, որի մեկնարկը ձգձգվել էր կորոնավիրուսի պատճառով:
Առաջիկա 5 տարիներին կառավարությունը նպատակ է դրել ապահովել տարեկան 7-9 տոկոս տնտեսական աճ՝ բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման ամփոփ հաշվետվությունը ներկայացնելիս հիշեցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Դրա համար ամենակարևոր անելիքներից է տնտեսության կառուցվածքի փոփոխությունը:
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են ապահովելու 7 տոկոս տնտեսական աճ, Ամուլսարն են շահագործելո՞ւ, թե՞ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման արդյունքում են աճ կանխատեսում: 2022-ի կանխատեսումներում սահմանի բացման ազդեցությունը ներառված չէ, իսկ դրա վերաբերյալ խոսակցությունները ժամանակավրեպ են՝ հակադարձեց Էկոնոմիկայի նախարարը:
Նիստը շարունակվեց տրանսպորտի, ջրային տնտեսության և էներգետիկայի ոլորտներին 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումների քննարկմամբ: Այս ոլորտներում ծրագրերի իրականացման համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի 335 մլրդ 257 մլն դրամ, որից 209 մլրդ 594 մլն դրամը կուղղվի կապիտալ, իսկ մնացածը՝ ընթացիկ ծախսերին: Գնել Սանոսյանի խոսքով՝ ամենախոշորը «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրն է, որին կհատկացվի 115 մլրդ 117 մլն դրամ:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն էլ ոլորտի բյուջեն ներկայացնելիս առանձնացրեց Շուռնուխում նոր թաղամասի կառուցումը, որի համար կծախսվի 420 մլն դրամ: Գալիք տարի մոտ 90 տոկոսով կավելանան Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացվող ֆինանսական միջոցները: Նախագծով նախարարությանը հատկացվելիք 21,3 մլրդ դրամից 5,2 մլրդ դրամը կուղղվի պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններին: