Տեսչական մարմինները շաբաթը 7 օր ուժեղացված ստուգայցեր են իրականացնում, հետևում հակահամաճարակային կանոններին՝ դիմակ կրել, ախտահանվել, պահպանել սոցիալական հեռավորություն և, իհարկե, պատվաստվել:
Գայանե Խաչատրյան (ԱԱՏՄ իրազեկման բաժնի պետ) - Իրավիճակը դեռևս շարունակում է բավականին լարված մնալ, մեր տեսչական մարմինը բազմաթիվ զանգեր է ստանում, որ լաբորատորիաներում շարունակվում են հերթեր լինել, և լաբորատորիաները չեն հասցնում սպասարկել ՊՇՌ թեստավորման գործընթացը քաղաքացիներին:
ԱԱՏՄ տեսուչները Կենտրոնում բանկային, վարկային ու ապահովագրական կազմակերպություններ մտան, բայց մեծ խախտումներ չարձանագրեցին: «Այդ կազմակերպությունները խստորեն պահպանում են հակահամաճարակային կանոնները»,- արձանագրում են տեսուչներն ու ստուգում փաստաթղթերը՝ ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստման վկայագիր այստեղ ունեն բոլորը:
Էմմա Քոչարյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-հիգիենիստ) - Ըստ օրենսդրության, ինքը պետք է ներկայացնի կամ ՊՇՌ կամ պատվաստման սերտիֆիկատներ, եթե չեն ներկայացնում, մենք արձանագրում ենք այդ փաստը, և վարչական իրավախախտումներով ենթարկվում է վարչական պատասխանատվության:
Տեսչականի մասնագետները ախտահանիչ միջոցների առկայությունն էլ մանրամասն ստուգում են, խախտումների դեպքում տնտեսվարողին հորդորում են՝ ստուգել, հետո նոր ախտահանվել դրանցով, քանի որ քովիդը կարող է չեզոքացնել միայն 70-ից բարձր սպիրտայնությամբ ալկոգելը:
Կարինե Սարգսյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-հիգիենիստ) - Էս նյութի մեջ սպիրտի բաղադրությունը 70-ից պակաս ա, էս դետոքսի մեջ 70 տոկոսը կա: Դրա համար մենք սա ընդունում ենք որպես ախտահանիչ նյութ, իսկ սա՝ ոչ:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են՝ հոկտեմբերին տեսուչներն իրականացրել է 8517 ստուգայց, արձանագրել 706 խախտում: Տրվել է 106 նախազգուշացում, կայացվել՝ տուգանքի 104 որոշում։