ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։
Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել է երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանն ու Իրանն ունեն երկկողմ հարաբերությունների մեծ օրակարգ։
Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր հերթին ընդգծել, որ ՏԿԵ նախարարության հետ լավ համագործակցություն է առկա և վստահություն է հայտնել, որ այն կշարունակվի նաև առաջիկայում։ Դեսպանի խոսքով՝ Հայաստանի և Իրանի պատմամշակութային խորը կապերը նպաստում են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության զարգացմանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին։ Դեսպանը կարևորել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ընդգծել, որ Սյունիքի մարզը կարևոր է նաև իրենց համար և առաջիկայում նախատեսում են տարբեր պատվիրակությունների փոխայցեր, որոնք կկարողանան իրենց մասնակցությունն ունենալ Սյունիքի մարզում իրականացվող տարբեր նախագծերին։
Նախարարը կարևորել է Սյունիքում ենթակառուցվածքների դերը՝ այդ կոնտեքստում ընդգծելով մարզում իրականացվող ակտիվ ճանապարհաշինական աշխատանքները։ Սանոսյանը դեսպանին տեղեկացրել է, որ արդեն ավարտին է մոտենում Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինարարությունը, Տաթև-Լծեն հատվածի շինարարությունն ընթացքի մեջ է։ Ռազմավարական առումով նախարարն ընդգծել է Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։
Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև որպես ԵԱՏՄ անդամ Հայաստանի միջոցով միության շուկա Իրանի մուտք գործելու հեռանկարի շուրջ:
Քննարկվել է նաև առաջիկայում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն նախատեսված այցի որոշ մանրամասներ։