Պրոբացիոն ծառայությունում վերջին 9 ամսվա տվյալներով պատիժներով և վերահսկողությամբ հաշվառված է 4485 անձ, որից կրկնահանցագործություն է արել 33 շահառու, այսինքն՝ 0,7 տոկոսը: Արդարադատության նախարարությունից ընդգծում են՝ իրենց նպատակը կրկնահանցագործությունների ամբողջական կանխումն է, բայց առկա պատկերը ևս հուսադրող է: Փորձաշրջանի ներդրմամբ ստեղծված այլընտրանքային պատիժը կիրառվում է միջին ծանրության հանցագործություն կատարելու համար մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ, որոնք վտանգ չեն ներկայացնում հասարակության համար:
Սիրարփի Մուղդուսյան (ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ) - Ծառայությունը կարևոր նպատակ է դրել՝ կրթենք, մասնագիտություն տանք ու արդեն աշխատանքով ապահովենք, ու էդ 3 գործառույթը ուզում ենք մեզ մոտ անել ու այդ նպատակով ունենք վարսավիրության սենյակ, վարսահարդարման սենյակ ու բոլոր ծրագրերի արդյունքում ուզում ենք այդ մասնագիտական սենյակների բացումը լինի, որ նրանք անդադար ստանան:
Արդեն տևական ժամանակ պրոբացիոն ծառայությունն իրականացնում է վերասոցիալականացման ծրագրեր՝ այդ թվում՝ կրթական, զբաղվածության, մասնագիտության ձեռքբերման: Այդուհանդերձ, հասարակական սեկտորի ներկայացուցչի գնահատմամբ՝ պետության քայլերը դանդաղ են և հաճախ՝ ուշացած:
Նարե Հովհաննիսյան (Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ) - Մենք ունենք հիմնարկներ, որոնք ուղղակի պահոցի դեր են կատարում: Ռեսուրսներ չեն ներդրվում անձանց վրա սոցիալականացման ուղղությամբ: Իմ ամենաթարմ դիտարկումները ՔԿՀ-ներից թույլ է տալիս եզրահանգելու, որ էական ներդրում, փոփոխություն այս առումով չի լինում, ու դրանք աղետալի հետևանքներ են ունենում անձի կյանքում:
Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ պետք է ընդլայնել արդեն 5 տարի գործող պրոբացիոն ծառայության ռեսուրսներն ու ֆինանսավորումը և հատուկ ուշադրություն դարձնել վերասոցիալականացման ֆինանսավորմանը: Կառավարության վերջին նիստին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց, որ 2 քրեկատարողական հիմնարկի փակման ու կրճատումների շնորհիվ հնարավոր կլինի խնայել 1 մլրդ 200 միլիոն դրամ, ու ընդգծեց՝ ՔԿՀ-ներում կկրճատվի 280 հաստիք, որից 50-ը կտեղափոխվի Պրոբացիայի ծառայություն: Հասարակական կազմակերպության ներկայացուցչի կարծիքով՝ պետք է խիստ զգուշավոր լինել, գնահատել ռիսկերը, տևական ժամանակ իրեն փակի տակ պահող անձին արդեն Պրոբացիայի ծառայությունում, թեկուզ՝ այլ հաստիքով տեսնելը գուցե հոգեբանական ճնշում լինի շահառուի համար:
Նարե Հովհաննիսյան (Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ) - Շատ մեծ ներդրում պետք է անի պետությունը նույն աշխատողներին վերապատրաստելու, վերապրոֆիլավորելու համար, ռեսուրսները պետք է եռապատկի, որ այդ աշխատողները կարողանան ինտեգրվել Պրոբացիայի ծառայության մեջ:
Սիրարփի Մուղդուսյան - Կարծում եմ՝ ՔԿՀ-ից մասնագետները կգան մեր ծառայություն, ու այստեղ հիմնականում իրավաբաններ են աշխատում, ու հիմա ծառայությունն ընտրել է հոգեբան, սոցաշխատողներին ներգրավել, ու ՔԿՀ-ներից այդ մասնագետները կգան, որոնք շահառուների հետ մասնագիտական աշխատանք կկարողանան անել:
Խնդիրները քիչ չեն նաև Պրոբացիոն ծառայության շահառու հանդիսացող քաղաքացուն աշխատանքի ընդունելու և վստահելու հարցում: Դռները հաճախ փակվում են, երբ գործատուն տեղեկանում է աշխատակցի՝ օրենքի հետ կապված խնդիրների մասին:
Նարե Հովհաննիսյան - էստեղ պետությունը պետք է որոշակի միջոցներ ներդնի դատապարտվածին որոշակի երաշխիքներ տալով, օրինակ՝ եթե գործատուն աշխատանքի է ընդունվում, դատապարտվածի հարկային դաշտը մեղմացնի, ասենք՝ 50 տոկոս հարկվի:
2021 թվականին աշխատանքի է ընդունվել Պրոբացիոն ծառայության շահառու հանդիսացող 53 անձ: