«Իմ մանկության և պատանեկության տարիների երաժշտական ամենամեծ ազդեցությունը մորս դաշնամուր նվագելն էր, ինչն, անկասկած, իմ մեջ սեր արթնացրեց դեպի երաժշտությունը»։ Ալեքսանդր Սպենդիարյանի խոսքերն են։ Այսօր նշվում է մեծանուն հայ կոմպոզիտորի 150-ամյակը։ Կոմպոզիտորի անունը կրող երեք մշակութային հաստատություններ՝ Օպերային թատրոնը, տուն-թանգարանը և երաժշտական դպրոցը միասին նշեցին Սպենդիարյանի ծննդյան օրը։
Մարինե Օթարյան, Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն - Սպենդիարյան հայորդին, մտավորականը, երաժիշտը մեր ամենամեծ արժեքն է, որի թողած ստեղծագործական ժառանգության ամուր հիմքի վրա պետք է հիմնվենք ու առաջ գնանք։
Հայաստանում և Արցախում այսօր հայտարարվել են սպենդիարյանական ժամեր։ Մի շարք վայրերում հնչել են կոմպոզիտորի ստեղծագործությունները։
Հրաչ Գրիգորյան, Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն - 100, 120 տարի առաջ Հայաստանն ի՞նչ վիճակի էր՝ գաղջ, սով։ Գտնվեց մեկը, որ այդ վիճակում եկավ Հայաստան և փորձեց եվրոպական արժեքները ներմուծել Հայաստան։ Նրա դերը երաժշտության բնագավառում ուղղակի անգնահատելի է:
Ներկաները ծաղիկներ են դրել կոմպոզիտորի շիրիմին, այնուհետև թատրոնի ճեմասրահում մասնակցել համերգի։
Հայ օպերային երգիչը դասականի թողած հարուստ ժառանգության մասին խոսելիս շեշտում է նույն ժառանգությունը պատվով կրելու մասին։ Կարծում է, որ մենք մնայուն արժեքից հեռացել ենք, իսկ Սպենդիարյանը մեր ամենամնայուն կոմպոզիտորներից է։
Բարսեղ Թումանյան, օպերային երգիչ - Ցանկալի կլիներ, որ մեր ժողովուրդը, բացի օտարամոլ լինելուց, գար, լսեր մեր երաժշտությունը։ Պարզապես պահանջեր, որ նոր, շքեղ ներկայացումներ լինեն ոչ միայն Սպենդիարյանից, այլ մյուս հայ կոմպոզիտորներից։ Սա էլիտար արվեստ է։ Եթե մեր ժողովուրդն ուզում է հատուկ երևալ, ապա կարող է միայն երևալ, եթե միայն սնվի էլիտար արվեստով:
Կոմպոզիտորի անունը կրող Պպերային թատրոնի խաղացանկում շուտով կլինի Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան։ Օպերային ներկայացումը նախատեսվում է վերականգնել դեկտեմբերին։
Հեղինակ՝ Անի Ավագյան