ԱԺ պաշտպանության և անվտանգության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նկատեց, որ Գորիս-Որոտան հատվածում կան հենակետեր, սահմանապահ զորքերի ուղեկալներ, բայց այնտեղ տնակների և կացարանների մասով խնդիր կա։
«Մեր սահմանապահներն այնքան էլ ապահովված չեն տնակներով ու կացարաններով։ Ի՞նչ է արվել այս ուղղությամբ և ե՞րբ արդյունքները տեսանելի կլինեն»,- հարցրեց Խաչատրյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանին։
«Մինչև նոյեմբերի վերջ մենք կվերջացնենք բոլոր տնակների տեղադրման հարցը։ Այս պահին 99 տոկոսով կատարված է, տնակներում են մեր զինծառայողները։ Մենք մեկ հատ անցած շաբաթ ենք տեղադրել Որոտանի ճանապարհի վրա։ Վերջերս եմ վերադարձել Սյունիքից, բոլոր տեղանքներով անցել եմ։ Մեր զինծառայողները, ճիշտ է շատ դժվարին պայմաններում են ծառայում, եղանակային պայմանների հետ կապված, բայց բավականին ապահովված են սննդով և հանդերձանքով»,- ասաց Հակոբյանը։
Ազգային անվտանգության ծառայությունը նախատեսում է նաև սահմանապահ ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրացնել՝ հասցնելով մոտ 210-220 հազար դրամի: Այժմ նրանք ստանում են մոտ 160 հազար դրամ: ԱԱԾ տնօրենի տեղակալը շեշտել է՝ այդ հարցով կա հանձնարարական և նախատեսվում է հարցին արագ լուծում տալ: