Հայաստանի Հանրապետության նախագահի՝ Իտալիա և Սուրբ Աթոռ կատարած այցի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը:
Հուշագրի նպատակն է նպաստել կողմերի միջև մշակութային կապերի զարգացմանը մշակույթի ոլորտի հաստատությունների և կազմակերպությունների միջև համագործակցության ու կապերի ամրապնդման, մշակույթի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման խրախուսման և խորացման, ինչպես նաև մշակույթի բոլոր բնագավառներում ուսումնասիրությունների և հետազոտությունների ընդլայնմանն ուղղված այլ միջոցառումների խթանման միջոցով: Հուշագրով սահմանվում է նաև, որ կողմերը կաջակցեն մշակութային ժառանգության, ոչ նյութական մշակութային ժառանգության, գրականության և հրատարակության, գրադարանների, տեսողական արվեստի, թանգարանների և պատկերասրահների, երաժշտարվեստի, թատերարվեստի, կինոարվեստի և սպորտի ոլորտներում անմիջական կապերի հաստատմանը: