Ոստիկանության կողմից ներկայումս ակտիվ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի կարողանանք 2022 թվականի ավարտին կամ 2023 թվականի սկզբին ներդնել կենսաչափական տվյալներ պարունակող նոր համակարգ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Ֆիդանյանը թեմային անդրադարձավ՝ պատասխանելով անձնագրի վավերականության ժամկետի մասին փոփոխության վերաբերյալ պատգամավորներից մեկի հարցին։
«Այդպիսով մենք փորձ ենք անելու մեր հանրությանը տրամադրել բացառապես կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր, այսինքն՝ հին անձնագրերը պետք է հետզհետե դուրս գան շրջանառությունից։ Եվ եթե մենք դեռևս 2022 թվականին տրամադրենք 10 տարի վավերականության ժամկետով հին նմուշի անձնագիր, մենք ստիպված ենք լինելու մինչև 2032 թվականը կիրառել և հանրապետությունում շրջանառել հին նմուշի անձնագրերը։ Այս փոփոխության նպատակը բացառապես այդ հանգամանքով է պայմանավորված։
Բազմիցս շրջանառվում է նաև այն թեզը, թե այսկերպ խախտում ենք որոշակի միջազգային պայմանագրեր։ Ո՛չ, չենք խախտում, որովհետև ունենք այլընտրանք։ Այսօր ևս շարունակում են տրամադրվել կենսաչափական անձնագրերը 10 տարի վավերականության ժամկետով։ խոսքն այդ անձնագրերին չի վերաբերելու, այլ վերաբերելու է բացառապես հին նմուշի անձնագրերին»,- ասաց Ֆիդանյանը։
Ֆիդանյանը հիշեցրեց, որ խոսքն առայժմ նախագծի մասին է, որը դրվել է հանրային քննարկման։