Կիրակի՝ հոկտեմբերի 31-ին, Տոնգայի Թագավորությունում գրանցվել է COVID-19-ի առաջին դեպքը։ Կորոնավիրուս է հայտնաբերվել խաղաղօվկիանոսյան այդ կղզի-պետություն այցելած նորզելանդացի զբոսաշրջիկի մոտ՝ գրում է Daily Mail-ը։ Պոլինեզիական պետություն հասած ճանապարհորդը կարանտինի է ենթարկվել։
Այս երկրին հաջողվել էր խուսափել համաճարակից, քանի որ իշխանությունները վարակի հայտնվելուց գրեթե անմիջապես հետո փակել էին սահմանները։ Կառավարությունն այդ քայլին էր դիմել՝ մտավախություն ունենալով, որ առողջապահական համակարգը չի կարողանա հաղթահարել հիվանդությունը:
Տոնգայի բնակչությունը 106 հազար է։ Չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսը երկիր չի ներթափանցել, բնակիչները պատվաստվում են COVID-19-ի դեմ։