Միացյալ Նահանգների և Թուրքիայի առաջնորդները հանդիպման ընթացքում անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ Բայդեն-Էրդողան հանդիպման օրակարգում են եղել Հարավային Կովկասում դիվանագիտական ջանքերը։ Նախագահները խոսել են նաև Աֆղանստանում հումանիտար իրավիճակից, Լիբիայում ընտրություններից: Բայդենն ու Էրդողանը համաձայնել են միասնական մեխանիզմ ստեղծել՝ լարված հարաբերությունները բարելավելու համար։
*****
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նորից առաջարկել է ստեղծել 3+3 հարթակ՝ Հարավային Կովկասում խաղաղությունը վերականգնելու նպատակով: «Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և Հայաստան, եկեք վեցով համատեղ քայլ անենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում»,- ասել է Էրդողանը։ Նա նշել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն առաջարկ է արել Հայաստանին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ։ «Վրաստանի կողմից որոշակի բացասական վերաբերմունք կա, բայց եթե այս բոլոր երկրները դրական մոտեցում ցուցաբերեն, ապա այդ մեխանիզմը կստեղծվի, և տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի»,- ասել է Էրդողանը:
*****
3+3 ձևաչափը քննարկվել է նաև Հռոմում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում կայացած Լավրով-Չավուշօղլու հանդիպմանը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ու նրա թուրք գործընկերը զրույցի ընթացքում հիմնական ուշադրություն են դարձրել Բալկաններում և Հարավային Կովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգմանը: «Կարծիքներ են փոխանակվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի առաջխաղացման նպատակով «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
*****
Իրանի միջուկային ծրագրի բանակցությունների վերսկսման հստակ ժամկետը կհայտարարվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: Նա, սակայն, ընդգծել է, որ Թեհրանը 2018 թվականից որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չունի Միացյալ Նահանգների հետ։ «Շփումներ Վաշինգտոնի հետ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի փոխվել»,- նշել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։
****
Միխեիլ Սաակաշվիլին մտադիր չէ դադարեցնել հացադուլը՝ այսօր հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Լիզա Յասկոն։ Վրաստանի երրորդ նախագահն ուղիղ մեկ ամիս է բանտում է: Բանտարկության առաջին օրը Վրաստանի նախագահը հացադուլ էր հայտարարել: ՏԻՄ ընտրություններում նրա ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը պարտվել է գրեթե բոլոր համայնքերում: Թբիլիսիի քաղաքապետ է դարձել իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, գործող քաղաքապետ Կախա Կլաձեն: Ընդդիմությունը համաձայն չէ արդյունքների հետ և հանրահավաքներ է անցկացնում:
*****
«Ուկրաինական իշխանությունները փորձում են Դոնբասում սադրիչ իրավիճակ ստեղծել»,- Ռուսաստանի պետական հեռուստատեսության հետ հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ նրա՝ լարվածությունն ակնհայտ է։ «Սադրիչ իրավիճակ ստեղծելու փորձեր են նկատվում, որոնց նպատակն է աշխարհազորին դրդել պատասխան գործողությունների և Ռուսաստանը ներքաշել ինչ-ինչ ուժային գործողությունների մեջ»,- ասել է Լավրովը։
*****
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Ուկրաինայի կողմից Բայրաքթար ԱԹՍ-ների կիրառմանը, այլ պետություններից զենք գնող երկրներին կոչ է արել չհիշատակել, թե ով է զենքի արտադրողը: «Եթե մի երկիր ձեռք է բերում պաշտպանական զենք մեզնից կամ որևէ այլ երկրից, դա դադարում է լինել թուրքական, ռուսական կամ ուկրաինական: Հենց նրանք գնում են զենքը մեզնից, դա դադարում է լինել թուրքական և չնայած արտադրվել է Թուրքիայում, հիմա պատկանում է Ուկրաինային»: Այսպես է Թուրքիայի գլխավոր դիվանագետն արձագանքել Ուկրաինային Բայրաքթար տեսակի ԱԹՍ-ներ վաճառելու հետ կապված Կրեմլին մեղադրանքին: «Ռոսիա մեկի» հետ հարցազրույցում նա ընդգծել է, որ Կիևը պետք է դադարի հիշատակել Թուրքիային՝ ԱԹՍ-ների հետ կապված հարցերում:
*****
Բոլոր առանձնազրույցներից և նիստերից հետո Մեծ քսանյակի երկրներն ընդունել են հռչակագիր, որով պարտավորվել են ջանքեր գործադրել՝ ապահովելու համընդհանուր, արդար և ժամանակին արդյունավետ, որակյալ, մատչելի և անվտանգ պատվաստանյութերի հասանելիությունը: G20-ի ղեկավարները մտադիր են նաև համաճարակի պայմաններում տարբեր հիվանդությունների դեմ նոր պատվաստանյութերի մշակման տևողությունը 300-ից կրճատել մինչև 100 օր: Կողմերը համաձայնել են աջակցել մատակարարման շղթաների ամրապնդման, նաև այդ ոլորտում մշակումների և հետազոտությունների աջակցության նախաձեռնություններին: Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները ճանաչել են մինչև 21-րդ դարի կեսը գլոբալ ածխածնային չեզոքության հասնելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովում որոշում է ընդունվել ամրապնդել փոխգործակցությունն այլ շահագրգիռ կողմերի հետ թռիչքների և միջազգային հաղորդակցության վերականգման ոլորտում՝ ակնկալելով աշխատանք մասնավոր հատվածի, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների հետ: G20-ի երկրները նաև պարտավորվել են պահպանել զբոսաշրջության ոլորտի կայուն և արագ վերականգնումը, որն ամենաշատն է տուժել պանդեմիայից: Հռչակագրում ասվում է, որ կողմերը հանդես են գալիս մշակութային ժառանգության պահպանման օգտին:
*****
Գլազգոյում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը: Դա պատմության ամենամեծ համաժողովն է, որ հյուրընկալում է Միացյալ թագավորությունը: Գլազգոյի համաժողովը համանախագահելու են Միացյալ Թագավորությունն ու Իտալիան: Գագաթնաժողովին մասնակցելու են մեկնել համաշխարհային առաջնորդները: Թուրքիայի նախագահ Էրդողանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել համաժողովին: Թուրքական NTV հեռուստաընկերության փոխանցմամբ այդ որոշումը կայացվել է, երբ ընդունող կողմը հրաժարվել է բավարարել թուրքական պատվիրակության անվտանգության ապահովմանը վերաբերող Անկարայի պահանջները: Էրդողանը, սակայն, չի նշել, թե ինչ պահանջների մասին է խոսքը: