Ալավերդի խոշորացված համայնքում 11 բազմաբնակարան շենքերի տանիքներ մինչև տարեվերջ կվերանորոգվեն։ Վերջերս, սակայն, բարեկարգման աշխատանքների հետ կապված դժգոհության ալիք էր բարձրացել. անձրևաջրերը հեղեղել էին դեռևս հիմնանորոգման փուլում գտնվող շենքի բարձր հարկերի բնակարանները: Լոռու մարզպետը վստահեցնում է՝ խնդիրը լուծվելու է, պատճառված վնասը՝ փոխհատուցվելու:
Արամ Խաչատրյան (Լոռու մարզպետ) - Մենք արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ բանավոր, որ այդ վնասները փոխհատուցվեն նաև շինարարների կողմից։
Սասուն Խեչումյան (Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար) - Կարևոր չէ՝ բնակիչն ինչքան է դժգոհում՝ շատ թե քիչ, կարևոր չէ՝ շատ վնաս է տրվել, թե քիչ վնաս է տրվել, դա ընդհանրապես կապ չունի։ Ում մեղքով որ դա պատճառվել է, նա պարտավոր է էդ վնասը փոխհատուցի։
Ալավերդի համայնքում սուբվենցիոն միջոցներով իրականացվում է նաև գյուղական բնակավայրերի ոռոգման և խմելու ջրամատակարարման ցանցերի վերանորոգում: Երկու ծրագրերի ընդհանուր արժեքը 98 մլն դրամ է: Մեկ այլ ծրագրով համայնքում կառուցվում են նաև ճեմուղիներ։ Որակը վերահսկվում է:
Դավիթ Պողոսյան (շինաշխատանքների ղեկավար) - Որակի հետ կապված՝ ինձ թվում է՝ ես չպիտի ասեմ, ցանկացած հասկացող մարդ որակը կգնահատի։
3-րդ մեծ ծրագիրը՝ տուֆ քարով սալարկմամբ ճանապարհների վերանորոգումը, Ալավերդիում այս տարի չի իրականացվել․ հայտարարված մրցույթներին որևէ ընկերություն չի մասնակցել։
Սասուն Խեչումյան - Հիմա նախարարության և մարզպետարանի հետ աշխատում ենք, գուցե ծրագիրը վերանվանենք և ընդհանրապես փոխենք, ասֆալտապատումով անենք, որովհետև էդ տուֆը խնդիր է լինում։
Լոռու մարզպետը նշում է, որ ընթացիկ տարում մարզի բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել, բայց 2022-ի ծրագրերն ու անելիքներն ավելի շատ են լինելու։
Արամ Խաչատրյան - Մարզում իրականացվում է 107 սուբվենցիոն ծրագիր, առանց դրա չի կարող լինել։ Աշխատանքներն ընթանում են լավ և գրաֆիկին համապատասխան։
Ընթացող աշխատանքների վերաբերյալ մարզի ղեկավարը մի շարք դիտարկումներ կատարեց, հորդորեց աշխատանքներն իրականացնել որակով և ավարտին հասցնել սահմանված ժամկետում:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան