Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի կառուցումն ավարտական փուլում է, Տաթև- Լծեն հատվածի շինարարությունը՝ ընթացքի մեջ։ Հայաստանում Իրանի դեսպանի հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը:
Այլընտրանքային այս ճանապարհի կառուցումն Իրանի դեսպանի գնահատմամբ՝ հնարավորություն է տալիս իրանական բեռնատարներին շրջանցել միջպետական ճանապարհի Գորիս- Որոտան հատվածը և անհարկի հարկեր չվճարել Ադրբեջանին:
Աբբաս Բադախշան Զոհուրի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան - Այդ հատվածը մտնելու համար իրանական բեռնատարներից լրացուցիչ գումար է գանձվում, իսկ այլընտրանքային ճանապարհի կառուցումը, իհարկե, կհարթի բոլոր նման խնդիրները, սակայն եթե խոսենք ավելի ինտենսիվ բեռնափոխադրման մասին, ապա կցորդով բեռնատարները հնարավոր է խնդիրներ ունենան, դրա համար շատ կարևոր է Հյուսիս-հարավի հիմնական ճանապարհի կառուցումը, սակայն մինչև դա՝ այլընտրանքային այս ճանապարհն անփոխարինելի է:
Հյուսիս-հարավի կառուցումն Իրանի և Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի՝ նշում է դիվանագետը: Իրանը հետաքրքրված է հարավային հատվածի կառուցմանը ներգրավվելու հարցում: Այն տնտեսական նոր հնարավորություններ կբացի հարևանների համար, կնպաստի ապրանքաշրջանառության ավելացմանը:
Աբբաս Բադախշան Զոհուրի - Այս ուղին սկսվում է Հնդկական օվկիանոսից, գալիս հասնում է մինչև Պարսից ծոց և այնտեղից երկաթգծով Իրանի հյուսիս-արևմտյան մասով մտնում է Հայաստան, այնտեղից Վրաստան՝ Փոթի նավահանգիստ: Սա միաժամանակ անվտանգ և ռազմավարական առումով կարևոր ճանապարհ է տարանցիկ փոխադրումների համար, որը կարող է շահութաբեր լինել այս ուղու վրա գտնվող պետությունների համար:
Տարածաշրջանային զարգացումների մասին. պաշտոնական Թեհրանն ավելի վաղ հայտարարել էր՝ ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են 2020-ի աշնանը, 44-օրյա պատերազմի ժամանակ, ահաբեկչական խմբեր են տեղափոխվել Ադրբեջան: Հայաստանում Իսլամական Հանրապետության դեսպանը հայտարարում է՝ Իրանը չի հանդուրժի նրանց գոյությունը տարածաշրջանում:
Աբբաս Բադախշան Զոհուրի - Ահաբեկչական խմբավորումները մեր երկու երկրի համար մտահոգվելու առիթ են: Իրանը երբևէ չի հանդուրժի ահաբեկիչների ներկայությունը թե՛ իր, թե՛ իր հարևանի սահմաններին, դա դատապարտելի է:
Հայ-իրանական էներգետիկ համագործակցության մասին էլ Զոհուրին նշում է՝ իրենք պատրաստ են Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցմանը: