Հրդեհ է բռնկվել Թուրքիայի Մերսին քաղաքի «Աքքույու» ատոմակայանում էլեկտրական տրանսֆորմատորի պայթյունից հետո: Միջադեպը խուճապ է առաջացրել ատոմակայանի աշխատակիցների և շրջակայքի բնակիչների շրջանում՝ գրում է Ermenihaber-ը։
Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Ալի Մահիր Բաշարըրն առիթն օգտագործել է ատոմակայանի գործարկումը քննադատելու համար: Նա հիշեցրել է, որ «Աքքույու» ատոմակայանի կառուցման ընթացքում էլ մի շարք խնդիրներ են եղել:
«Դեռևս կառուցման փուլում գետնին բազմիցս ճաքեր են առաջացել։ Ճանապարհային աշխատանքների համար իրականացրած պայթյունների պատճառով մեծ վնաս է հասցվել շրջակա տներին։ Հիմա էլ տրանսֆորմատորում է հրդեհ առաջանում։ Ինչպես նախկինում ասել եմ, այս ատոմակայանի կառուցմամբ դինամիտ են տեղադրում Մերսինում՝ Միջերկրական ծովի հատակին»,- նշել է Բաշարըրը։
Ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ ատոմակայանը Մերսինի և Թուրքիայի «գլխին պատիժ է դառնալու»։