Աշխարհի առաջնության 7-րդ օրն ամենաբարդերից էր Հայաստանի համար. ցավալի վնասվածք, մրցավարների անհասկանալի ու վիճելի որոշում: Միակ սփոփանքը գերծանր քաշային Դավիթ Չալոյանի հաղթանակն էր: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրն առաջ է շարժվում նաև մեծահասակների աշխարհի առաջնությունում: Գյումրեցի մարզիկը կամային գեղեցիկ հաղթանակ է տոնել Կոլումբիան ներկայացնող Կրիստիան Սալգադոյի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում Չալոյանի մրցակիցն ուզբեկ Լազիզբեկ Մուլիջանովն է, որի հետ մրցելու փորձ արդեն իսկ ունի: Մենամարտը կկայանա նոյեմբերի 2-ին: