Կորոնաիրավիճակը Հայաստանում օրեցօր վատթարանում է: Նոյեմբերի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելը նորից պարտադիր է: Դրսում դիմակից հրաժարվողներն ստիպված կլինեն տուգանվել 10.000 դրամով: Առողջապահության նախարարության այս որոշումը որոշ դժգոհությունների առիթ է տվել:
Ոստիկանները՝ բաց տարածքում, տեսչական մարմիններն էլ՝ սուպերմարկետներում, հանրային սննդի կետերում են հետևում հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Մասնագետներն արձանագրում են՝ վիճակն այժմ վերահսկելի է հանրային սննդի կետերում, բայց խանութներում քաղաքացիներից շատերը հրաժարվում են դիմակ կրել:
Հայկ Մայիլյան, ԱԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ - Նախորդ շաբաթվա դրությամբ՝ 10-ից 5-6 տնտեսվարողի մոտ արձանագրվում էին խախտումներ: Ունենք դրական դինամիկա:
ՍԱՏՄ տեսուչները տնտեսվարողի մոտ հակահամաճարակային փաստաթղթերից բացի ստուգում են նաև պատվաստման ու թեստավորման վկայագրերի առկայությունը: Հայկ Մայիլյանն ասում է՝ քիչ չեն դեպքերը, երբ տնտեսվարողը փորձել է աշխատակիցների տվյալները թաքցնել: Այդ դեպքում արձանագրություն է կազմվում, քննարկվում և որոշվում՝ տուգանե՞լ, թե՞ նախազգուշացնել տնտեսվարողին:
Հայկ Մայիլյան - Առաջին անգամվա համար ունենք նախազգուշացում կամ 100-300.000 դրամ տուգանք: Ունենք այսպիսի տվյալ՝ իրականացվել է մոտ 653 ստուգայց, որի արդյունքում կազմվել է 153 արձանագրություն: Մի մասը նախազգուշացվել է, մի մասը՝ տուգանվել:
Տեսուչները երկու շաբաթ է հիմնականում երեկոյան են խանութ, սուպերմարկետ, հանրային սննդի կետեր մտնում: Հայկ Մայիլյանն ասում է՝ այդ ժամերին մարդկանց հոսքը մեծ է լինում և իրենց պարտքն է ստուգել, որ սոցիալական հեռավորությունը պահպանվի ու չթույլատրվի՝ առանց դիմակի որևէ հաճախորդի սպասարկել: