Կրթությունը երկրի կորիզն է, կրթությունն է նախ՝ անհատի, հետո՝ պետության հաջողության բանալին: Այս գաղափարը կարմիր թելի պես անցնում էր «Կորիզ» համադպրոցական մրցույթի հանդիսավոր շոու-մրցանակաբաշխության ժամանակ, որի կազմակերպիչները այն նաև «դպրոցական «Օսկար» են անվանում:
Մրցույթի նախաձեռնությունը կրթության ոլորտում ավելի քան 12 տարվա փորձ ունեցող «Դասարան» կրթական ծրագրի թիմինն է:
Սուրեն Ալոյան («Դասարան» կրթական ծրագրի և «Կորիզ» կրթական շարժման հիմնադիր) - Սա իրական կրթական տոն է, որի շուրջ համախմբել են 3 տասնյակից ավելի գործընկերներ: Եվ մեր գլխավոր նպատակն ու առաքելությունը երկուսն է, առաջին՝ ցույց տալ աշակերտներին, որ կրթվելով, սովորելով՝ գիտությամբ և տեխնոլոգիաներով կարելի է հասնել մեծ հաջողությունների, և երկրորդ՝ այդ ճանապարհին մեծարել ուսուցչին, որովհետև ուսուցիչն է, որ ամեն ինչ անում է, որպեսզի մենք ունենանք լավ սերունդ: Ավելի քան 120 աշակերտ մրցանակ են ստանալու:
«Կորիզ» առցանց մրցութին մասնակցել է 5-12-րդ դասարաններում սովորող ավելի քան 6300 աշակերտ՝ Հայաստանի ու Արցախի ավելի քան 730 դպրոցից: Եզրափակիչ փուլ անցել է շուրջ 1600 աշակերտ, որոնցից էլ ձևավորել են լավագույն տասնյակները՝ ըստ դասարանների:
Լավագույն եռյակների անունները հայտնի դարձան մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ:
Առաջին հորիզոնականը զբաղեցրած աշակերտները պարգևատրվեցին նոութբուքերով, երկրորդը՝ պլանշետով, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրած աշակերտները բջջային հեռախոս ստացան: Խրախուսվեցին նաև հաղթողերի դասղեկներն ու դպրոցի տնօրենները:
Մրցանակաբաշխության ընթացքում պարբերաբար ներկայացվում էին ուսումնառության տարիներին ձեռք բերած գիտելիքը կյանքում պիտանի ու օգտակար լինելու տարբեր օրինակներ: Մրցանակներն էլ հաղթողներին շնորհում էին իրենց ոլորտում գիտելիքի շնորհիվ հաջողությունների հասած մարդիկ, որոնց հիմնադրած ընկերությունները արդեն միջազգային նշանակություն են ստացել ու միլիոնավոր դոլարներով են գնահատվում:
«Կորիզ» մրցույթի մասնակիցներին առաջարկված հարցաշարը ընդհանուր զարգացման մակարդակն է ստուգել: Հարցերը եղել են թե՛ հումանիտար և թե՛ բնագիտական առարկաներից, նաև վերաբերել են ընդհանուր տրամաբանությանը:
Մրցույթի անվանումը, սակայն, հայատառ չէ: Սուրեն Ալոյանը դա այսպես է մեկնաբանում:
Սուրեն Ալոյան - Սա հեռանկարային նախագիծ է, և առաջին տարին էր, որ ուղղված էր Հայաստանի և Արցախի երեխաներին: Հաջորդ տարի մենք ուզում ենք անել Հայաստան, Արցախ և Սփյուռքը... Ընտրվեց լատինատառ և «Կորիզ» երկարացված տարբերակը, որպեսզի կարողանանք հետագայում սփյուռքահայ երեխաներին նույնպես ներառել:
«Կորիզ» համադպրոցական մրցույթն անցկացվում էր առաջին անգամ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան