ԲԱՅԴԵՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ
Միացյալ Նահանգների և Թուրքիայի առաջնորդները հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ Բայդեն-Էրդողան հանդիպման օրակարգում են եղել Հարավային Կովկասում դիվանագիտական ջանքերը։ Նախագահները խոսել են նաև Աֆղանստանում հումանիտար իրավիճակից, Լիբիայում ընտրություններից: Բայդենն ու Էրդողանը համաձայնել են միասնական մեխանիզմ ստեղծել՝ լարված հարաբերությունները բարելավելու համար։
ԷՐԴՈՂԱՆԸ ՆՈՐԻՑ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՍՏԵՂԾԵԼ «3+3» ՁԵՎԱՉԱՓԸ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նորից առաջարկել է ստեղծել 3+3 հարթակ՝ Հարավային Կովկասում խաղաղությունը վերականգնելու նպատակով: «Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և Հայաստան. եկեք վեցով համատեղ քայլ անենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում»,- ասել է Էրդողանը։ Նա նշել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն առաջարկ է արել Հայաստանին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ։ «Վրաստանի կողմից որոշակի բացասական վերաբերմունք կա, բայց եթե այս բոլոր երկրները դրական մոտեցում ցուցաբերեն, ապա այդ մեխանիզմը կստեղծվի, և տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի»,- ասել է Էրդողանը
«3+3» ՁԵՎԱՉԱՓԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԼԱՎՐՈՎ-ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
3+3 ձևաչափը քննարկվել է նաև Հռոմում Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում կայացած Լավրով-Չավուշօղլու հանդիպմանը: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի զրույցի ընթացքում հիմնական ուշադրություն է դարձվել Բալկաններում և Հարավային Կովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգմանը: «Կարծիքներ են փոխանակվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի առաջխաղացման նպատակով «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ ԿՈՉԸ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԶԵՆՔ ԳՆՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՆ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Ուկրաինայի կողմից Բայրաքթար ԱԹՍ-ների կիրառմանը, այլ պետություններից զենք գնող երկրներին կոչ է արել չհիշատակել, թե ով է զենքի արտադրողը: Եթե մի երկիր ձեռք է բերում պաշտպանական զենք մեզնից կամ որևէ այլ երկրից, դա դադարում է լինել թուրքական, ռուսական կամ ուկրաինական: Հենց նրանք գնում են զենքը մեզնից, դա դադարում է լինել թուրքական և չնայած արտադրվել է Թուրքիայում, հիմա պատկանում է Ուկրաինային: Այսպես է Թուրքիայի գլխավոր դիվանագետն արձագանքել Կրեմլին մեղադրանքին Ուկրաինային Բայրաքթար տեսակի ԱԹՍ-ներ վաճառելու հետ կապված: «Ռոսիա մեկի» հետ հարցազրույցում նա ընդգծել է, որ Կիևը պետք է դադարի հիշատակել Թուրքիային ԱԹՍ-ների հետ կապված հարցերում:
ՄԵԾ ՔՍԱՆՅԱԿԻ ԵՐԿՐՆԵՐԸ ՀՌՉԱԿԱԳԻՐ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ
Բոլոր առանձնազրույցներից և նիստերից հետո Մեծ քսանյակի երկրներն ընդունել են հռչակագիր, որով պարտավորվել են ջանքեր գործադրել՝ ապահովելու համընդհանուր, արդար և ժամանակին արդյունավետ, որակյալ, մատչելի և անվտանգ պատվաստանյութերի հասանելիությունը: G20-ի ղեկավարները նաև մտադիր են համաճարակի պայմաններում տարբեր հիվանդությունների դեմ նոր պատվաստանյութերի մշակման տևողությունը 300-ից կրճատել մինչև 100 օր: Կողմերը համաձայնել են աջակցել մատակարարման շղթաների ամրապնդման, նաև այդ ոլորտում մշակումների և հետազոտությունների աջակցության նախաձեռնություններին: Բացի դրանից՝ գագաթնաժողովի մասնակիցները ճանաչել են մինչև 21-րդ դարի կեսերը գլոբալ ածխածնային չեզոքության հասնելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովում որոշում է ընդունվել ամրապնդել փոխգործակցությունն այլ շահագրգիռ կողմերի հետ թռիչքների և միջազգային հաղորդակցության վերականգման ոլորտում, ականկալելով աշխատանք մասնավոր հատվածի, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների հետ: G20-ի երկրները նաև պարտավորվել են պահպանել զբոսաշրջության ոլորտի կայուն և արագ վերականգնումը, որն ամենաշատն է տուժել պանդեմիայից: Հռչակագրում ասվում է, որ կողմերը հանդես են գալիս մշակութային ժառանգության պահպանման օգտին:
ԹԲԻԼԻՍԻԻ ԳՈՐԾՈՂ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՂԹԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթել է «Վրացական երազանքի» թեկնածու, գործող քաղաքապետ Կախա Կալաձեն։ Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած Միայասլ ազգային կուսակցության թեկնածու Նիկա Մելիան ստացել է ձայների 44,4%-ը: Ընդդիմությունը չի ճանաչում ՏԻՄ ընտրությունների արդյունքները և հայտարարել է հանրահավաքների անցկացման մասին: