Փայլասարում որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել՝ այսօր խորհրդարանում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում ևս մեկ անգամ պնդեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը: Ինչ վերաբերում է լուրերին, թե Փայլասարի բարձունքից իջել են ռուս սահմանապահները՝ Արամ Հակոբյանն արձագանքեց:
Արամ Հակոբյան (ԱԱԾ տնօրենի տեղակալ) - Նման իրավիճակի ես տեղյակ չեմ:
ԳՈՐԻՍ-ԿԱՊԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՆՎՏԱՆԳ Է. ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ
Հակոբյանն անդրադարձավ նաև Սյունիքում տիրող իրավիճակին: Պնդեց՝ Գորիս-Կապան ճանապարհն անվտանգ է:
Արամ Հակոբյան - Անվտանգ է, անցած օրն եմ ես եկել, ճիշտ է՝ այնտեղ կանգնած են հարևան պետության զինծառայողները, բայց ընդհանրապես հայ քաղաքացիներին չեն:
Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածով Հայաստանի քաղաքացիները հիմա անցնում են ուղեկցող մեքենայով, գործառույթն ԱԱԾ-ի ու ոստիկանության վրա է դրված: Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի խոսքով՝ հատկապես վերջին օրերին, եղանակային պայմանների պատճառով, ուղեկցումների թիվն ավելացել է:
Արա Ֆիդանյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) - Այդ հատվածում որտեղ անհրաժեշտ է՝ իրականացնում ենք ուղեկցումը՝ լինի ԱԱԾ-ի թե ոստիկանության ուժերով, ուղեկցումներ իրականացվում են նաև Տաթևի ճանապարհով, գիտեք, որ տեղի ունեցան որոշակի կուտակումներ բեռնատար մեքենաների, նաև այդտեղ անվտանմգության ապահովում, այդ ամբողջի կազմակերպում. բավականին մեծամասշտաբ աշխատանք տարվում է այդ հատվածում:
Ահազանգեր կան, սակայն, որ ադրբեջանական զինված ուժերը երբեմն կանգնեցնում ու ստուգում է հայկական պետհամարանիշերով մեքենաները:
Արա Ֆիդանյան - Ցավոք, այո, նման տեղեկատվություն շրջանառվել է, այստեղ պետք է անդրադառնանք այն հանգամանքին, որ տվյալ հատվածում պետք է կանոնակարգում իրականացվի միջազգային փաստաթղթերի հիման վրա, այսինքն՝ այն հատվածը, որը ոստիկանության լիազորությունների շրջանակից դուրս են, պետք է կանոնակարգվի միջազգային փաստաթղթերի հիման վրա:
Պատերազմից հետո ոստիկանությունն ավելի ինտենսիվ է պայքարում ապօրինի զենքի շրջանառության դեմ: Ֆիդանյանի խոսքով՝ չնայած կանխատեսումներին, թե զենքի կիրառմամբ հանցագործությունների թիվը կաճի, պատկերը հակառակն է, կա նվազում: