Պարզվել է, որ Գլազգոյում ընթացող COP26 կլիմայական գագաթնաժողովին չեն մասնակցի Ռուսաստանի ու Չինաստանի նախագահները՝ հաղորդում է ТАСС-ը: ՌԴ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը նշել է, որ Պուտինը չի մասնակցի Գլազգոյի կլիմայական գագաթնաժողովին՝ անձամբ կամ տեսահղումով: Նա բացատրել է, որ օրերս ՌԴ նախագահը G20-ի գագաթնաժողովում արդեն ներկայացրել է ռուսական դիրքորոշումը կլիմայի վերաբերյալ։
Չինաստանի նախագահ Ծինպինը ներկա չի լինի, բայց գրավոր կդիմի գագաթնաժողովի մասնակիցներին:
Պարզվել է նաև, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Հռոմում G20-ի գագաթնաժողովի ավարտից հետո վերադարձել է Ստամբուլ և անձամբ չի մասնակցի Գլազգոյի հանդիպումներին: Ինչպես երկուշաբթի հաղորդել է Anadolu-ն, Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ինքնաթիռը գիշերը վայրէջք է կատարել Ստամբուլում՝ նրան ուղեկցող պատվիրակության հետ։
Ըստ թուրք անանուն պաշտոնյաների՝ Էրդողանը չեղարկել է մասնակցությունը ֆորումին, քանի որ հյուրընկալող երկիրը չի կատարել Շոտլանդիայում նրա գտնվելու հետ կապված մի շարք արձանագրային և անվտանգության պահանջներ: Այդ մասին հայտնել է Reuters-ի աղբյուրը: