Երկուշաբթի Շոտլանդիայի Գլազգո քաղաքում աշխատանքն է սկսել COP26 կլիմայական գագաթնաժողովը, որին մասնակցում են մոտ 200 երկրի ներկայացուցիչներ: Սա ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո։ Գլազգոյում հանդիպման հիմնական նպատակն է ամփոփել 2015 թվականին ստորագրված՝ կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի կատարման առաջին արդյունքները։ Գագաթնաժողովը համաճարակի պատճառով հետաձգվել էր մեկ տարով: Քաղաքը ձեռնարկել է անվտանգության աննախադեպ միջոցառումներ՝ գրում է BBC-ն։
Գագաթնաժողովը կտևի մոտ երկու շաբաթ՝ նոյեմբերի 1-12-ը։ Դրան մեծ նշանակություն է տրվում, սակայն շատ փորձագետներ բեկում չեն ակնկալում։ Նրանց խոսքով՝ այս պահին բազմաթիվ պետությունների համար առաջնահերթ խնդիր է պայքարել կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքների դեմ և դուրս գալ ներկա էներգետիկ ճգնաժամից։
COP26-ի նախագահ Ալոկ Շարման համաժողովն անվանել է «մեր վերջին, լավագույն հույսը», որպեսզի թույլ չտանք՝ գլոբալ ջերմաստիճանը բարձրանա 1,5°C-ից: Մինչդեռ Մոլորակն արդեն տաքացել է ավելի քան 1,1 °C-ով, և կանխատեսումներ կան, որ մինչև 2100 թվականը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 2,7 °C-ի»:
Փորձագետները նախազգուշացնում են, որ ջերմաստիճանի բարձրացումով կհալվի մոլորակի վրա սառույցի մեծ մասը, կբարձրանա համաշխարհային օվկիանոսի մակարդակը, և զգալիորեն կմեծանան եղանակային արտակարգ երևույթների հավանականությունն ու ինտենսիվությունը:
Գլազգոյում են հավաքվել նաև էկո-ակտիվիստները, որոնք բողոքի ակցիաներ են անցկացնում հասարակության ուշադրությունը կլիմայի փոփոխության խնդրի վրա հրավիրելու համար: Նրանք պահանջում են արագացնել անցումը կանաչ տեխնոլոգիաներին և նվազեցնել վնասակար արտանետումները մթնոլորտ։
Կիրակի էլ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ էր արել մոլորակի բոլոր հավատացյալներին աղոթել, որպեսզի համաշխարհային առաջնորդները «գիտակցեն մոլորակի աղքատ մարդկանց տառապանքները, որոնք առաջանում են տաքացող կլիմայի պատճառով»:
Գլազգոյի հյուրերին երկուշաբթի երեկոյան սպասվում է արքայական ընդունելություն, որը կազմակերպել են արքայազն Չարլզն ու Քորնուոլի դքսուհին և Քեմբրիջի դուքսն ու դքսուհին: Եղիսաբեթ II թագուհին հյուրերին կդիմի տեսաուղերձով։