ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գնահատել է հոկտեմբերի 30-31-ը Հռումում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովի արդյունքները: Ամերիկացի առաջնորդն ասել է, որ հիասթափված է կլիմայի ոլորտում մի քանի երկրի դիրքորոշումից՝ հաղորդում է Bloomberg-ը։
G20-ից Բայդենի հիմնական հիասթափությունը կապված է Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Այդ երկու պետության ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինպինը, առցանց էին մասնակցում հանդիպմանը:
ԱՄՆ նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ գագաթնաժողովի մասնակից երկրները զգալի առաջընթաց են գրանցել քննարկված հարցերի շուրջ՝ միաժամանակ ընդգծելով, որ դեռ շատ աշխատանք կա անելու։ Ամերիկացի նախագահը նշել է, որ նման ջանքերը կպահանջեն կենտրոնանալ այն փաստի վրա, թե ինչ չեն անում Ռուսաստանը, Չինաստանը և Սաուդյան Արաբիան։
Ավելի վաղ Հռոմում G20-ի հանդիպման արդյունքներից իր հիասթափությունն էր հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նրա համոզմամբ՝ գագաթնաժողովը չարդարացրեց սպասելիքները՝ կլիմայի օրակարգի քննարկման առումով։
«Թեև ես ողջունում եմ G20-ի հավատարմությունը գլոբալ լուծումներին, սակայն հեռանում եմ Հռոմից չիրականացած, բայց չմարած հույսերով»,- գրել է նա Twitter-ում:
G20-ի հանդիպման մասնակիցները, Հռոմում երկօրյա քննարկումներից հետո համաձայնություն են ձեռք բերել գլոբալ տաքացումը 1,5 աստիճանով սահմանափակելու վերաբերյալ, սակայն ընդունել են, որ այդ նպատակին հասնելու համար համաշխարհային հանրությունից կպահանջվի էական և արդյունավետ միջոցներ կիրառել: