Հոկտեմբերի 25-26-ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ պետությունների խորհրդարանականների դերի բարձրացմանը նվիրված աշխատաժողով: Այդ մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:
Կազմակերպիչներն են Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հանձնաժողովը, Միջխորհրդարանական միությունը, ՖՄԿ-ն և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը:
Տասնվեց երկրների երեսուներկու խորհրդարանականների հետ աշխատաժողովին մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը:
Աշխատաժողովի ընթացքում կարևորվել է Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի մշակման փուլերում շահագրգիռ կողմերի մասնակցությունը: Գործուն և բովանդակային ներդրում ունենալու տեսանկյունից ընդգծվել է ազգային զեկույցի մշակման համապատասխան փուլերում խորհրդարանականների աշխատանքի անհրաժեշտությունը: