2022 թվականի բյուջեով ոստիկանությանը և ազգային անվտանգության ծառայությանը տրամադրվող ֆինանսական միջոցները 2021-ի համեմատ կավելանան, համապատասխանաբար, 3 և 8.7 տոկոսներով: ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ գալիք տարվա բյուջեի նախագծով ոստիկանությանը նախատեսված է հատկացնել 66 մլրդ 585.6 մլն դրամ, իսկ ազգային անվտանգության ծառայությանը՝ 42 մլրդ 669 մլն դրամ: Արտակարգ իրավիճակների նախարարության բյուջեն կմնա անփոփոխ՝ 13 մլրդ 975,8 մլն դրամ:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է
Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվող բյուջետային քննարկմանը փոխոստիկանապետը ներկայացրեց նաև 2021 թվականի ինը ամիսների օպերատիվ վիճակը. 6.1 տոկոսով աճել են հանցագործությունները:
Արա Ֆիդանյան (ՀՀ ոստիկանապետի տեղակալ) - 20 հազար 863 դեպքից հիմնականը ոչ մեծ և միջին ծանության հանցագործություններն են, որոնք համարվում են նվազ վտանգավորության հանցատեսակներ և կազմում են ընդհանուր հանցագործությունների 84 տոկոսը:
Իսկ հանցագործությունների կանխման և բացահայտման գործում Արա Ֆիդանյանը կարևոր համարեց 2021-ին ներդրված պարեկային ծառայության դերն ու նշանակությունը: Հայաստանում ավելացել են նաև ճանապարհատրանսպորտային պատահարները և դրանց հետևանքով մահերը: Դա, ըստ Ֆիդանյանի, կապված է մեքենաների թվի աճի հետ:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԱԱԾ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Աժ-ում քննարկման ժամանակ, համակարգի բարեփոխումներին անդրադառնալով, փոխոստիկանապետը նշեց՝ գալիք տարում ոստիկանությունում հնարավոր է աշխատավարձերի փոփոխություն:
Արա Ֆիդանյան - Օրինակ՝ 2-5 տարվա ստաժ ունեցող պարեկների աշխատավարձի չափը կազմում է շուրջ 284 հազար, որը ոստիկանության նույն ստաժով աշխատակիցների աշխատավարձերից էականորեն բարձր է: Ըստ այդմ՝ պարեկային ծառայողների և ոստիկանության այլ ծառայողների աշխատավարձեր համահարթերցմանն ուղղված՝ ներկայումս ընթացքի մեջ գտնվող ուսումնասիրությունների արդյունքներով 2022-ին վարչապետի աշխատակազմ կներկայացնենք ֆինանսական գնահատական՝ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի փուլային վերանայման նպատակով:
Աշխատավարձերի բարձրացում սպասվում է նաև ազգային անվտանգության ծառայությունում:
Ծառայության փոխտնօրենը, պատասխանելով «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանի հարցին, հայտնեց՝ նախատեսվում է սահմանապահ ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրացնել՝ հասցնելով մոտ 210-220 հազար դրամի: Այժմ նրանք ստանում են մոտ 160 հազար դրամ:
ԱԱԾ տնօրենի տեղակալ - Այդ հարցով զբաղվում ենք: Տնօրենը հանձնարարություն է տվել՝ մենք մտածենք, թե ոնց ենք կարողանում իրավիճակը բարելավել՝ կոնկրետ պայմանագրային զինծառայողների աշխատավարձների մասով: Որովհետև բավականին ցածր է: Ինչքան մենք ստուգել ենք, մեր մյուս կառույցների համեմատ մերոնք բավականին ցածր աշխատավարձ են ստանում:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ ինչով է պայմանավորված դեղերի գնման համար գումարի ավելացումը:
ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՆԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՇՈՒՏՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ
Իրավիճակից ելնելով՝ հարավային սահմանը հետ է քաշվել, կանգնած է Սյունիքի տարածքում, և այնտեղ ներգրավված են ժամկետային զինծառայողներ, որը նախկինում մենք չենք ունեցել: Բավականին մեծ քանակությամբ ժամկետային զինծառայողներ են: Այդ իսկ պատճառով մենք ավելացրել ենք դեղորայքի գնման գումարը, որ կարողանանք ապահովել: Այս պահին գիտեք՝ ինչ պայմաններում են ծառայություն իրականացնում. պայմաններ դեռ չունենք: Կառուցվում են նոր ուղեկալներ, մոտ ապագայում պատրաստ կլինեն, և կունենանք լավ պայմաններ, և դրա կարիքը գուցե չլինի:
ՔՊ-ից Արմեն Խաչատրյանն էլ խնդրեց անդրադառնալ կացարաննների կառուցմանը, ասաց՝ թեև Գորիս-Որոտան հատվածում կան սահմանապահ զորքերի հենակետեր, ուղեկալներ, բայց խնդիր կա տնակների առումով: ԱԱԾ տնօրենի տեղակալը վստահեցրեց՝ դրանց տեղադրման գործընթացը կավարտեն մինչև նոյեմբերի վերջ:
Արամ Հակոբյան - Այս պահին 99 տոկոսով կատարված է, տնակների մեջ են մեր զինծառայողները: Մեկ հատ անցյալ շաբաթ ենք տեղադրել Որոտանի ճանապարհի վրա: Մեկ տեղ է մեզ մնացել վրան, ինչը կվերացնենք, մինչև նոյեմբերի վերջ բոլորն ապահովված կլինեն տնակներով: Նոր եմ վերադարձել Սյունիքից. ճիշտ է՝ մեր զինվորները դժվար պայմաններում են, բայց ապահովված են սննդով և ամեն ինչով;
Պաշտպանության ոլորտի բյուջեն պատգամավորները քննարկեցին դռնփակ ռեժիմով՝ նախարար Արշակ Կարապետյանի մասնակցությամբ: