ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է Հայաստանում հանցավորության և դրա դեմ տարվող պայքարի վիճակը։
«2021 թվականի 9 ամսում ՀՀ-ում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6․1 տոկոսով կամ 1201 դեպքով։ 2020 թվականի 9 ամիսներին կազմել է 19․662, իսկ 2021 թվականի 9 ամիսներին՝ 20․863, ինչը գլխավորապես պայմանավորված է խարդախությունների, գողությունների և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի աճով։ Գրանցված 20․863 դեպքից հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում ընդհանուր գրանցված հանցագործությունների 84 տոկոսը»,- ասաց Ֆիդանյանը։
Խոսելով առանձին հանցատեսակների մասին՝ Ֆիդանյանը նշեց, որ աճել են սպանության, գողության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը։
Միևնույն ժամանակ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բնակարանային գողության, կողոպուտի, յուրացման կամ վատնման, խուլիգանության դեպքերը։