Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 1-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում տիրող համաճարակաբանական վիճակին։
Զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Վերջինիս խոսքով՝ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսում մոտ տասնապատիկ աճել են քովիդ-19-ով վարակվածության դեպքերը, և համավարակի դեմ պայքարի կազմակերպման համար այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունն ունի բավարար դեղորայքային միջոցներ: Սակայն, ըստ նախարարի, հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել աշխարհի առաջատար փորձը, հակառակ դեպքում՝ գործադրվող բոլոր ջանքերը ցանկալի արդյունք չեն կարող ապահովել:
Երկրի ղեկավարը խիստ մտահոգիչ է համարել վարակվածության դեպքերի դինամիկ աճը, ընդգծել այդ նպատակով գործող սահմանափակումներն ավելի խստացնելու իշխանությունների վճռականությունը:
Այդ կապակցությամբ նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 2-ից: