Հինգ խոշոր նախագիծ, որոնցում կամ արդեն առկա է ռուսական կապիտալ, կամ դրա մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ռուսական բիզնեսը բացահայտ հետաքրքրվածություն է դրսևորում մեր երկրում մոտ ապագայում սպասվող մի շարք նախագծերի վերաբերյալ:
Հայկական շուկա ռուսական կապիտալի խոշոր ներհոսքի մասին հայտնի դարձավ շաբաթներ առաջ, երբ փաստացի փոխվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերը: Մինչև 2020-ը Զանգեզուրի կոմբինատի վերահսկիչ փաթեթը տիրապետում էր գերմանական «Քրոնիմետ» ընկերությունների խումբը: Մոտ մեկ ամիս առաջ կոմբինատի 60 տոկոսի սեփականատեր դարձած ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն իր բաժնեմասի 25 տոկոսը նվիրեց կառավարությանն ու այժմ կոմբինատի ընդհանուր մասնաբաժնի 15 տոկոսը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:
Տրոցենկոյի «Գեոպրոմայնինգ» ընկերությանն են պատկանում նաև Սոթքի ոսկու հանքավայրն ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր դառնալու համատեքստում ռուս գործարարը Հայաստանի կառավարությանը երկու կարևոր նախագծի վերաբերյալ առաջարկներ է արել, որոնք համապատասխանում են Հայաստանի պետական շահերին, մեկնաբանելով կոմբինատի շուրջ վերջին զարգացումները, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսքը պղնձաձուլարան և նոր ատոմակայան կառուցելու մասին է:
Եթե երկրորդ նախագծի վերաբերյալ որևէ հստակություն այս պահին չկա, պղնձաձուլարան ունենալու համատեքստում կառավարությունում այժմ ժամկետներ են նշում:
Վահան Քերոբյան (ՀՀ Էկոնոմիկայի նախարար) - Մենք հիմա նախապատրաստում ենք ճանապարհային քարտեզ, ով ինչ պետք է անի, որ մենք երկու-երեք տարի հետո ունենանք պղնձաձուլարան: Դեռ ամբողջությամբ պարզ չէ, թե այն ում է պատկանելու: Քանի որ Հայաստանի մյուս հանքերը շահագործողները ևս հետաքրքրվածություն ունեն, միգուցե հրավիրենք այլ ընկերությունների մասնակցել այստեղ:
Հայաստանում պղնձաձուլարան գործարկելու մասին առաջին անգամ չէ խոսվում: Տարիներ առաջ հաղորդվում էր՝ նախագծով հետաքրքրված են ներդրողներ Չինաստանից, սակայն հայտարարություններին կոնկրետ քայլեր չհետևեցին: Հայաստանն այժմ արտահանում է միայն պղնձի խտանյութ, mինչդեռ մշակված՝ մաքուր պղնձի գինը մի քանի անգամ ավելի բարձր է: Պղինձ ստանալու գործընթացը կապված է մի շարք բարդությունների հետ: Մասնավորապես, անհրաժեշտ է գտնել վերամշակման ժամանակ կուտակված ծծմբաթթվի սպառման հնարավորություն, ինչպես նաև ապահովել պղնձի խտանյութի անհրաժեշտ քանակ՝ այն շահութաբեր վերամշակելու համար: Հնարավո"ր է արդյոք այդ խնդիրները լուծել և գործարան կառուցել երկու-երեք տարվա ընթացքում:
Արմեն Քթոյան (տնտեսագետ) -Հնարավորությունը կախված է մի քանի գործոնից: Ներդրումներ, երկրորդը՝ խոշոր գործընկեր: Երկիր, որը պատրաստ է այդ ներդրումներն իրականացնել, ինչպես նաև պատրաստ է ապահովել պղնձի տեխնոլոգիական ցիկլի առանձնահատկություններից բխող, օրինակ՝ ծծմբաթթվի մշակությունը:
Մասնագետի գնահատմամբ՝ ներդրումային ծրագիրը կարող է կազմել 500-800 միլիոն դոլար: Խնդրահարույց գործոնները շատ են, սակայն պետության ակտիվ մասնակցությունը հնարավորություններ է ստեղծում դրանք լուծել և ապահովել ազդարարված ժամկետները: Այժմ պղնձի միջազգային գները մեկ տոննայի համար հասել են 10 հազար դոլարի:
Եթե պղնձաձուլարան ունենալու վերաբերյալ քննարկումները Հայաստանում ակտիվացել են վերջին տարիներին, նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտության մասին խոսվում է 2000-ականներից: Գործող ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը: Նոր ատոմակայանի կառուցումը անկախ Հայաստանի ամենախոշոր ներդրումային ծրագիրը կհամարվի թե՛ աշխատանքների բարդության տեսանկյունից, թե՛ ներգրավված ֆինանսների ծավալի առումով:
«Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ հրաժարվել ատոմային էներգետիկայից»,- ընդգծում է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ազգային փորձագետ Արա Մարջանյանը:
Արա Մարջանյան (Հայաստանում ՄԱԿ զարգացման ծրագրի ազգային փորձագետ) - Հայաստանում միշտ պետք է զարգանա ատոմային էներգետիկան: Դա քմահաճույք չէ, դա ազգային անվտանգության պահանջ է: Ատոմակայանը և ՀԷԿ-երը այն կառույցներն են, որոնք ապահովում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը:
«Նոր ատոմակայանի կառուցումը կարող է արժենալ 3-5 միլիարդ դոլար ու տևել առնվազն 10 տարի: Մենք որոշակի ժամանակային պաշար ձեռք բերեցինք՝ երկրորդ բլոկի շահագործման համար, ինչը հնարավորություն է ստեղծում մտածել նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ»,- նշում է Արա Մարջանյանը:
Զանգեզուրի կոմբինատից, ատոմակայանից և պղնձաձուլարանից զատ, ռուսական բիզնեսը մտադիր է մասնակցել Հայաստանում ազդարարված ևս երկու նախագծի:
Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում հաղթել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Թե ինչքա՞ն կտևեն կայարանի նախագծման աշխատանքները, այս պահին պարզ չէ: Այդ գործընթացին հաջորդելու է բուն կառուցումը: Ռուսաստանի պետական վարկային ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է ֆինանսավորել նախագծի մի մասը:
Նիկիտա Գուսակով (Ռուսաստանի պետական վարկային «ԷԿՍԱՌ» ընկերության գլխավոր տնօրեն) - Մենք ներկայացրել ենք առաջարկ Հայաստանի կառավարությանը: Նախագիծը պատրաստ լինելուն պես մտադիր ենք ֆինանսավորել դրա մոտ 30 տոկոսը:
Մետրոյի նոր կայարանի կառուցումը տարբեր հաշվարկներով կարող է պահանջել մինչև 150 միլիոն դոլար: Նախագծման մրցույթը հաղթած «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենն ավելի վաղ հայտարարել էր, որ կառույցը պատրաստ է ընդհանուր առմամբ 500 մլն դոլար ներդրում անել Երևանի մետրոպոլիտենի զարգացման համար:
Ռուսական ընկերությունները նաև հնարավոր է մասնակցեն «Հյուսիս-հարավ» մայրուղու հարավային հատվածների շինարարությանը: Այդ մասին նախորդ շաբաթ Երևանում անցկացված հայ-ռուսական բիզնես ֆորումին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Անկախության շրջանում Հայաստանում ՌԴ-ից համախառն կապիտալի կուտակումը 2.2 մլրդ դոլար է: Եթե վերոնշյալ նախագծերն իրականություն դառնան, մեր երկիրը Ռուսաստանից կստանա աննախադեպ ծավալի ներդրումային հոսք՝ մոտ 1 մլրդ դոլար: