Համլետ Ամիրյան («Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի պետ) - Սա չբնակեցվածն է, բոլոր մասնաշենքերն իրար նման են, էստեղ 20 խուց է. պահվում են տարբեր ռեժիմներով:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն է՝ վերջին տասնամյակներին՝ Հայաստանի ամենամեծ գաղութը: Շենքը շահագործման է հանձնվել 1981 թվականին: 40 տարում վերանորոգում գրեթե չի արվել: Ներկայումս չգործող բաժանմունքում 3 տարի առաջ սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել ու դադարեցվել, որից հետո բաժինն ամբողջությամբ կողպվել է:
Ինչ վիճակ տեսնում ենք, 2 տարի առաջ էս նույն պայմաններում դատապարտյալները ապրում էին, խցերը նույն վիճակում են, այսինքն՝ էս վիճակում դատապարտյալներն ապրել են, հա:
Կարանտինային բաժանմունքում կադրերը գուցե ոչինչ չասեն, տարածքում գարշահոտություն է տիրում: Պատճառը կեղտաջրերի արտահոսքն է:
Միշտ է էսպիսի հոտ գալիս, հա՞... Դեռ սա լավ է, սրանից վատ է եղել, ահավոր հոտ է...
Եթե անազատության մեջ գտնվողները կարանտինային գոտում 3, 4 առավելագույնը 7 օր են անցկացնում, ապա աշխատակիցների համար այն ամենօրյա աշխատանքային բնույթ է կրում: Ի դեպ՝ «Նուբարաշեն» քերակատարողականում 208 աշխատակից կա:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անզեն աչքով նկատելի են խնդիրները՝ պայթած խողովակներ, խոնավությունից բորբոսնած պատեր, քիչ լուսավորություն և ոչ միայն: Այս կադրերում «Նուբարաշեն» 3-րդ մասնաշենքն է. բոլոր խցերը, ի դեպ, բնակեցված են: 20 խուց, որոնցից յուրաքանչյուրում՝ մինչև 8 բնակիչ:
Այս պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 320 պահվող անձ կա, որոնցից 31-ը՝ ցմահ դատապարտյալ. լրակազմը 780-ի է հասնում: Իսկ, ահա, Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկում 2115 դատապարտյալ ու կալանավոր կա, որոնցից 939-ը դատապարտյալ, և 1176 կալանավոր: 86-ը ցմահ ազատազրկվածներն են, որոնք հիմնականում «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողականներում են:
Արդյոք շքեղություն չէ՞ ունենալ 12 քրեակատարողական հիմնարկ, այն դեպքում, երբ ազատությունից զրկված անձանց թիվը (2115) 2 անգամ քիչ է լրակազմի թվից (5346), այսինքն՝ ՔԿՀ-ները կիսով չափ դատարկ են այս պահին:
Հայաստանն այսօր 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ համաձայն Եվրոպայի խորհրդի 2020 թվականի տարեկան քրեական վիճակագրության։ 2016-17 թթ. հանրապետությունում գործող կալանավայրերում 3873, 3833 ազատազրկված կար: 2018-ին թիվը 3536-ի էր հասնում, իսկ ահա 19-ին ազատազրկվածների թիվը 2266 էր, 2020 թ.՝ 2221 անձ, այս տարվա պատկերն էլ գրեթե նույնն է (2115): 2020 և 2010 թթ. համեմատությամբ Հայաստանն արձանագրել է բանտային բնակչության թվի 50.4 տոկոս կրճատում: Ներկայումս Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին և համեմատելի է Գերմանիայի, Դանիայի, Սլովենիայի, Շվեդիայի հետ:
ԿԴԱԴԱՐԵՑՎԻ «ԿՈՇ» ԵՎ «ՀՐԱԶԴԱՆ» ՔԿՀ-ՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Կառավարության այս շաբաթվա նիստում որոշվեց՝ կդադարեցվի «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը, արդյունքում հնարավոր կլինի ապահովել քրեակատարողական համակարգի առավել օպտիմալ և արդյունավետ գործունեություն, 2022 թ. կխնայվի 1 մլրդ 200 մլն դրամ:
Կարեն Անդրեասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում այդ տեղերը կիսով չափ դատարկ են: Սա, իհարկե, հետևանք է վերջին տարիներին ոլորտում արված մի շարք բարեփոխումների և աշխատանքների: Եվ այդ աշխատանքների արդյունքում ունեցել ենք այսպիսի բեռնաթափում:
Վերջին մի քանի տարիներին, Եվրոպայի խորհրդի համապատասխան փորձագետները ևս փաստել են, որ ազատազրկվածների գերբեռնվածության ու գերբնակեցման խնդիր Հայաստանում չկա:
Արփինե Սարգսյան (ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ)- Մեր խնդիրը որն է. որ պետք է ապահովենք արժանապատիվ պահման պայմաններ դատապարտյալների համար, իսկ սա ենթադրում է, որ պետք է գույքագրվեն ու հերթով առանձնացվեն այն ՔԿ հիմնարկները, որոնք հենց շենքային պայմանների խնդիր ունեն:
«Հրազդան» ՔԿՀ-ն բնակելի շենքերից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է ու չի համապատասխանում մի շարք ստանդարտների:
Լրագրող - Նորմա՞լ է համարվում, որ դրսի պատը էսքան մոտ է:
Մամիկոն Ադամյան («Հրազդան» ՔԿՀ տնտեսական ապահովման բաժնի պետ) - Ըստ կողմնակարգի՝ ոչ այդքան:
- Ինչքա՞ն է էս տարբերությունը:
- 5 մոտր, 7 մետր հիմնական պատից:
- Իսկ ներնետումներ այստեղ հաճա՞խ են լինում:
- Լինում են, բայց փորձում ենք կանխել աշխատակիցների շնորհիվ:
- Ես պատկերացնում եմ, որ ներնետումներ ոչ միայն այստեղ կլինեն, այլ նաև դիպուկ պատուհանից ներս էլ, այդպիսի դեպքեր ևս գրանցվում են:
- Այո, հնարավոր է, եղել են:
«Հրազդան» ՔԿՀ ի շենքը կառուցվել է 70-ականներին, սակայն որպես գաղութ գործում է 2008 թվականից: Ի սկզբանե նախատեսված է եղել մեկ ռեժիմի համար, հետագայում ավելացել են ևս 3-ը:
Հիմնականում տարածաշրջանի կալանավորվածներն են լինում: Այսինքն՝ Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի. 3 մարզերի կենտրում է գտնվում:
Հրազդանի գաղութում 86 խուց կա: Յուրաքանչյուրում առավելագույնը 3 մարդ է բնակվում: 60 կալանավորված, 100 դատապարտյալ:
Ավազակային հարձակման համար դատապարտված Սարգիսը «Հրազդանում» է օրերը լուսացնում արդեն երեք տարի: Փակվող գաղութի պայմաններից չի բողոքում, ասում է՝ խնդիրները շատ չեն եղել:
Սարգիս - Շենք է, պրոբլեմներ կլինեն. հին է: Լուսամուտներն են խնդիր եղել:
Երկու քրեակատարողականի փակմամբ նախատեսվում է 280 հաստիք կրճատել: Աշխատակիցներից 70-ը տեղափոխվելու են քրեակատարողական այլ հիմնարկներ, 50-ը՝ Պրոբացիայի ծառայություն, մնացածը՝ կադրերի ռեզերվ:
Կարեն Անդրեասյան - Մենք այստեղ էլ ունենք խնդիր՝ կրճատել այն աշխատակիցներին, որոնց վարքը դժգոհություն է առաջացրել, կամ կան բարեվարքության կասկածներ, նրանց հաշվին ունենալ աշխատավարձերի աճ պրոֆեսիոնալ աշխատակիցների համար:
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՆՈՐ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Առաջիկայում նախատեսվում է փակել նաև «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ները և կառուցել քրեակակատարողական հիմնարկ Երևանի մերձակայքում:
Արփինե Սարգսյան (ՀՀ ԱՆ Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ) - Հարազատները պետք է որոշակի հասանելիություն ունենան ազատազրկված անձանց, և նրանց հետ կապը արդյունավետ կերպով պահելու տեսնակյունից նրանց պետք է հնարավորինս մոտ տեղաբաշխեն իրենց բնաության տեսանկյունից, իսկ լինելով երևանաբանակ և տեղաբաշխվելով, օրինակ, Արմավիրի մարզում կամ, չգիտեմ, Վանաձոր ՔԿ-ում, սա կարող է բարդացնել աշխարհի հետ կապը ազատազրկվածների ու հարազատների համար:
Արփինե Սարգսյանը նշում է, որ նոր ՔԿՀ-ն կունենա 1200 լրակազմ, որից 200-ը մահճակալային ֆոնդը կլինի, ինչն էլ կփոխարինի դատապարտյալների հիվանդանոցին: Արդարադատության նախարարությունից վստահեցնում են, որ նոր կառուցվող գաղութը կհամապատասխանի միջազգային բոլոր ստանդարտներին՝ ունենալով մեկ վայրում մի քանի ռեժիմ: Տեղանքի առումով կհեշտացվի նաև քրեական մարմինների աշխատանքն ու կալանավորների՝ մերձավոր ազգականների հետ կապը:
Արփինե Սարգսյան - Առհասարակ կառուցվածքի տեսանկյունից ինչ վերասոցիալականացման միջոցառումների համար նախատեսված սենյակներ ենք ունենալու, ինչպիսի նորարար լուծումներ ենք կարողանալու տալ ՔԿ-ի համար, որ նույն անվտանգության ապահովման խնդիրներն առավել արդյունավետ կերպով կարողանանք լուծել կամ պահպանության ապահովման խնդիրը:
«Արմավիր» քրեակատարողականում նախատեսվում է ապահովել օդափոխության համակարգ, ստեղծել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար պահման անհրաժեշտ պայմաններ, զարգացնել բժշկական ստացիոնարի կարողությունները:
Միջազգային չափանիշները հստակ սահմանում են՝ ՔԿՀ ի մեկ ծառայողին պետք է բաժին ընկնի 3-4 դատապարտյալ: Հայաստանում մեկ ծառայողի հաշվով կա նույնքան դատապարտյալ: Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ 2023-ին մեր երկրում ՔԿՀ-ները բոլոր առումներով կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին: