Գլազգոյում մեկնարկել է կլիմայական փոփոխություններին վերաբերող միջազգային խոշոր համաժողովը՝ COP26-ը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի գլխավորած պատվիրակությունը Գլազգոյում է ՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին` COP26-ին։ Այդ մասին նշված է ՇՄՆ-ի Ֆեյսբուքի էջում։
«Համաժողովին կմասնակցեն բարձրաստիճան ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 100 երկրից։ Կմասնակցեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը, Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և այլք:
Կլիմայի փոփոխության շուրջ այս քննարկումը կլինի Մեծ Բրիտանիայի՝ երբևէ հյուրընկալած ամենամեծ միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակից պետությունների ղեկավարները, կլիմայի փոփոխության փորձագետները, երիտասարդները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, կքննարկեն կլիմայի մեղմմանն ուղղված ջանքերի համատեղման հնարավորությունները և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ցանկ կմշակեն:
COP26 ծրագիրը ներառում է հարյուրավոր հանդիպումներ, քննարկումներ, բաց և փակ միջոցառումներ»,-նշված է գրառման մեջ։