2022 թվականի հունվարի 1-ից Երևանում 300 հազար դրամը գերազանցող գործարքները նախատեսվում է իրականացնել բացառապես անկանխիկ եղանակով: 2023-ից գործընթացին կմիանան մարզկենտրոնները, իսկ արդեն 24-ից՝ Հայաստանի բոլոր բնակավայրերը: Կառավարության որոշման նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը և նպաստել ստվերի կրճատմանը:
Ըստ նախագծի՝ կանոնը չպահպանելու դեպքում հարկ վճարողից տուգանք կգանձվի՝ թույլատրված չափը գերազանցող գումարի հանրագումարի հինգ տոկոսի չափով: Իսկ անկանխիկ վճարային գործիքներ չունենալու կամ այդ գործիքների միջոցով վճարումներ չընդունելու դեպքում հարկ վճարողից գանձվում է 300 հազար դրամ տուգանք:
Վախթանգ Աբրահամյան (ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ) - Շուրջ 1 տոկոս ՀԴՄ-ներն են, որոնք 300 հազարից ավել գումար են տպել: Այսինքն՝ 95-6, 7 տոկոս և ավել գործարքները մինչև 300 հազար դրամ են, և, հետևաբար, մեր քաղաքացիների առօրյա վարքագծում, հա, ես չեմ կարծում՝ մենք՝ ես, դուք, եթե նայենք, 300 հազար դրամից ավելի գործարք առօրյա գործառույթ չի դա: Նույնիսկ շատ ավելի փոքր գործարքներն են այսօր, որ քարտերով կամ այլ անկանխիկ եղանակով է լինում:
Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանի կարծիքով՝ անկանխիկի պետք է գնալ, քանի որ դրանով հարկ վճարողներին թափանցիկ դաշտ են բերում, սակայն կան նաև խնդիրներ:
Գևորգ Պողոսյան (Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար) - Անկանխիկ գործարքների չգնալու խնդիրը շատ ՓՄՁ-ների մոտ ոչ թե քմահաճույք է, այլ անկանխիկ գործարքների գինը, որովհետև այսօր մեր բանկերը շատ մեծ տոկոս են պահանջում անկանխիկ գործարքների ապահովման համար, որը մոտավորապես 2-3 տոկոս է լինում։
Մեդալը երկու կողմ ունի: Գնորդները ևս դեռ ամբողջությամբ անկանխիկի անցնելու պատրաստ չեն, որովհետև ոչ բոլորն ունեն իրենց հետ քարտեր ու տիրապետում են իրենց քարտերին:
Տնտեսագետները ևս կարծում են, որ անկանխիկի գնալը կարևոր է՝ հաշվի առնելով աշխարհում դրա լայն տարածումը:
Հայկազ Ֆանյան (տնտեսագետ) - Ողջ աշխարհում, ինչպես տեղյակ եք, կան միտումներ՝ անցնելու անկանխիկ առևտրի ձևերին: Հաշվի առնելով նաև մեր հանրապետությունում ընդունված պրակտիկան և միտումները, պետք է նշել, որ դա գովելի է: Իհարկե, կան որոշակի մտավախություններ կապված հատկապես փոքր և միկրոձեռնարկությունների հետ կապված, որոնք գործունեություն են իրականացնում, և որոնց համար կանխիկացումը պոստերմինալներով կատարված գործարքներից որոշակի միջնորդավճար է ենթադրում՝ Վիզա, Մաստեր կամ Արքաքարտերի էդ համակարգերի միջոցով, որը լրացուցիչ ծախսային կամ ֆինանսական բեռ է այդ կազմակերպությունների համար:
2021-ի առաջին կիսամյակի տվյալով Հայաստանում 2.6 մլն բանկային քարտ կա, նույն ժամանակահատվածում 1.1 տրիլիոն դրամի 32.7 մլն քարտային գործարք է եղել, գրեթե նույնքան, որքան 2018 թվականի ամբողջ ընթացքում:
Հայկազ Ֆանյան - «2020 թվականը էականորեն փոխեց սպառողների վարքագիծն այդ առումով, և շատերը, որպեսզի խուսափեն քովիդ-19-ի տարածումից, անցում կատարեցին առցանց գնումների ու նաև ֆիզիկական խանութներում փորձեցին քարտերով վճարումները կազմակերպել:
Մի կողմից՝ երկրի գլխավոր դրամատունը խոսում է անկանխիկ գործարքների կարևորության մասին, մյուս կողմից՝ շաբաթներ առաջ խափանվել էր ArCa ազգային վճարային համակարգը, ինչի հետևանքով շատերը չէին կարողանում գործարքներ իրականացնել:
Վախթանգ Աբրահամյան - Այս խնդիրը 1-2 օրվա խնդիր էր մինչդեռ համակարգը 20 տարի աշխատում է: Եթե հզորություններին նայենք կամ ծավալներին նայենք, ապա ասենք րոպեում հարյուրավոր և հազարավոր գործարքներ իրականացնող համակարգը 24/7-ով աշխատող կարող է ունենալ խափանումներ: Իհարկե, դա անընդունելի է, և մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դա բացառվի, այդ տեսանկյունից ոչ ոք ապահովագրված չէ բնական է:
Այս պահին բիզնես դաշտը դեռ չի արձագանքել սպասվող փոփոխություններին, սակայն մասնագետերը սպասում են այդ գործընթացին:
Գևորգ Պողոսյան - Մեր բիզնեսը սովոր չի արձագանքել փոփոխություններին մինչև փոփոխությունների իրականացումը: Սկսում են արձագանքել հենց էն օրվանից, երբ որ արդեն փոփոխությունները ոչ միայն ընդունվել են, այլ սկսում են գործել, ու, ցավոք սրտի, դա արդեն շատ ուշ ժամանակ է, այսինքն՝ դրա համար այն վերածվում է ավելի բողոքների, քան ավելի արդյունավետ երկխոսության, որը կբերի ճիշտ քաղաքականության մշակմանը:
Տնտեսագետները չեն բացառում, որ չնայած սահմանափակումներին՝ խախտումներ ամեն դեպքում կլինեն, սակայն նախագիծը ամեն դեպքում դրական կազդի:
Հայկազ Ֆանյան - Մեր հայրենակիցներն էնքան հնարամիտ են, որ միշտ էլ զարտուղի ճանապարհներ կգտնեն՝ խուսափելու պարտադիր պահանջներից, բայց, բնականաբար, որոշակի էֆեկտ ունենալու է, միանշանակ, նպաստելու է ստվերի որոշակի կրճատմանը, նաև ապահովելու է գործարքների հետագծելիությունը, որը շատ ավելի կարևոր է:
Կենտրոնական բանկի փոխնախագահն առանձնացնում է մեքենաների առքուվաճառքի գործարքները, որոնք հիմնականում կանխիկ են լինում:
Վախթանգ Աբրահամյան - 300 հազարը անցնող գործարքի պարագայում դա պետք է լինի, ֆիքսվի, գրանցվի:
Սա ինչ-որ հերթական ստուգում անել, վերահսկողություն անել. դրա համար չէ:
Մարդկանց համար հարմարություն ես ստեղծում անելու: Եթե վաղը վիճարկվեց դատարանում էդ գործարքը՝ ինչ-ինչ պայմաններից ելնելով, եթե մեր քաղաքացին ասի՝ ես էդ գումարը չեմ ստացել, մյուսը չի կարող ապացուցել, որ կանխիկով տրամադրել է այդ գումարը:
Առցանց տիրույթում այս տարվա առաջին կիսամյակում իրականացվել է 22.8 մլն քարտային գործարք՝ 313 մլրդ դրամի, այդ ցուցանիշն ավելի շատ է, քան թե՛ 2018-ի, թե 2019-ի ամբողջ տարվա նույն տիրույթի գործարքների քանակն ու գումարը: Թե՛ Կենտրոնական բանկը, թե՛ առևտրային բանկերը՝ հանրային իրազեկման առումով, աշխատանքներ են իրականացնում, որ մարդիկ հնարավորինս տեղեկացված լինեն անկանխիկ գործարքների առավելություններից:
Վախթանգ Աբրահամյան - Շատ են էդ հարցադրումն անում, բա ոնց պետք է ինչ-որ հեռավոր գյուղում մարդը կանխիկացնի: Իրականում նպատակ չպետք է ունենա կանխիկի: Եթե այդ մարդը հնարավորություն ունի իր գումարները ծախսելու՝ քարտից քարտ փոխանցի մարդկանց կամ, չգիտեմ, հեռախոսի միջոցով կամ պոսի միջոցով, հա, առևտրի կետում սպասարկվելու, ապա թերևս լույս, ջուր, գազ կամ այլ կոմունալ ծառայություններ մուծելու կամ հիմնական իր կարիքները անկանխիկ, այսպես ասած, եղանակով, էլեկտրոնային հասանելի դարձնելու պարագայում, բնական է, թերևս, կանխիկացնելու անհրաժեշտություն չի լինելու:
Օրենքների փաթեթում առաջարկվող փոփոխությունները Կառավարությունն արդեն հաստատել և ուղարկել է Ազգային ժողով: Թե երբ խորհրդարանը կքննարկի հունվարի 1-ից սպասվող փոփոխությունների նախագիծը՝ հայտնի չէ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան