2021-ի հունվարի 1-ից անշարժ գույքի համար հարկ վճարելը բոլորի համար դարձել է պարտադիր: Մինչև 2021-ը գոյություն ուներ տվյալ ոլորտի 2 տեսակի հարկ՝ հողի և գույքի: Ընդ որում՝ գույքահարկ տալիս էին այն սեփականատերերը, որոնց գույքի կադաստրային արժեքը անցնում էր 3 մլն դրամը, իսկ մինչև 2021-ը Հայաստանում գործող կադաստրային արժեքները սահմանված են եղել 90-ական թվականներին: Օրենքի փոփոխությամբ, այս տարվանից 2 հարկերը միավորվում են մեկում և կոչվում անշարժ գույքի հարկ: Այս պարագայում արդեն վերացվել է կադաստրային արժեքի շեմը, միաժամանակ վերնայվել նաև անշարժ գույքի կադաստրային արժեքը: Հիմա այն հաշվարկվում է շուկայական գնին մոտեցված արժեքով: Նախկին հաշվարկներով կենտրոնում՝ առաջին գոտում գտնվող 1քմ հողի հարկը կազմում էր 2000 դրամից փոքր ինչ ավելի: Կադաստրի կոմիտեի ղեկավարի պնդմամբ, այդ արժեքն այսօրվա գների հետ համարժեք չէր:
Սուրեն Թովմասյան (ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար) - Շուկայի զարգացումը պահանջում էր, որ պետք է նոր մոտեցումներ ցուցաբերվեն, և համապատասխան համալիր գնահատման աշխատանքների կատարումից հետո Հայաստանի հանրապետությունը բաժանվեց 20 գոտիների, որից հետո համալիր գնահատման արդյունքում որոշվեցին բազային արժեքները և դրվեցին յուրաքանչյուր գոտու հիմքում, և սրա հետևանքով մենք 2021 թվականի հունվարի մեկից ունեցանք էնպիսի արժեքներ, որոնք մոտարկված են անշարժ գույքի շուկայի գներին, բայց դեռևս շարունակում են որոշակի իմաստով ցածր մնալ շուկայական գներից, և այս գները օգտագործվում են անշարժ գույքի հարկի բազայի գեներացման համար:
Հարկահավաք մարմինն այս պարագայում համայնքն է, ինչը ենթադրում է, որ համայնքային բյուջեն մեծանալու է: Սուրեն Թովմասյանը օրինակ է բերում սուբվենցիոն ծրագրերը, որոնցով վերջին շրջանում շատ համայնքներում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: Հիմա, երբ համայնքն ավելի շատ եկամուտ կստանա, ավելի շատ գումար կծախսի համայնքի զարգացման համար, ինչից կշահի նաև հանրությունը. սա հարկման նոր համակարգի դրական կողմերից մեկն է: Որ մարդիկ միանգամից հարկային բեռի տակ չընկնեն, քաղաքականություն մշակող մարմինը անցումային ժամանակահատված ներդրեց: Քաղաքացիները հարկի 100 տոկոսը կսկսեն վճարել 6 տարվա ընթացքում:
Սուրեն Թովմասյան - Սահմանեցինք առաջին տարին ամբողջական գույքահարկի 25 տոկոսը, հաջորդող տարին 5-5 տոկոսով և երրորդ տարուց սկսած արդեն 50 տոկոս, 75 տոկոս և 100 տոկոսով վճարվող գույքահարկի չափաբաժին:
Փոփոխություններից առաջ մեկ տարում հավաքագրվում էր մոտ 9 մլրդ դրամ գույքահարկ, ծրագրի ամբողջական կիրառումից հետո՝ 2026 թվականից հարկային մուտքերի թիվը կաճի ավելի քան 4 անգամ՝ անցնելով 30 մլրդ դրամից: Պետք է հաշվի առնել նաև, որ այս թվերը փոփոխական են. նոր տներ ու շենքեր են կառուցվում, հին շենքեր են ապամոնտաժվում, այստեղ դինամիկ պրոցես է, ընդգծում է կադաստրի կոմիտեի ղեկավարը: Հարկերի հավաքագրումը ավելի շատ եկամուտ կբերի քաղաքային համայնքներին. Երևանն այս հարցում առաջատար է: Մայրաքաղաքում այս տարի նախատեսվել էր հավաքագրել 6 մլրդ դրամից ավելի հարկ՝ այդ թվում նախորդ տարվանից մնացած պարտքերը:
Արմեն Հարությունյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ) - Էս պահին անշարժ գույքի մասով ունենք արդեն 2 մլրդ 600 մլն-ի գանձում, գույքահարկով, բնական է, նոր հարկ չկա 2021-ի, դա գոյացած ապառքների մասով 1 մլրդ 572 մլն-ի կարգի և հողի հարկի մասով 246 մլն: Այսինքն՝ ընդհանուր առմամբ էսօրվա դրությամբ գանձված անշարժ գույք, գույքահարկ և հողի հարկը կազմել է 4 մլրդ 418 մլն դրամ:
Ցուցանիշը 60 տոկոսից ավելի է, բայց Երևանի բնակչության մի հատվածը դեռ շարունակում է անտեղյակ մնալ իր հարկ վճարելու պարտավորությունից, որոշները մոռանում կամ տարվա վերջին են թողնում վճարումները: Խնդիրներից ամենատարածվածը շարունակում է մնալ իրազեկվածության պակասը:
Արմեն Հարությունյան - Երևան համայնքը իր լիազորությունների շրջանակում փորձում է բնակչությանն իրազեկման պրոցեսն ավելի արագ անել, այսինքն՝ մարդկանց ծանուցել, մարդկանց ապառքների թե նոր գոյացած պարտքերի մասով ծանուցումներ ուղարկել թե՛ սովորական ծանուցումների, թե՛ տեսչական մասով: Ակնհայտ է, որ մենք ունենք այսօր գումարների հավաքման գործընթաց, որը իրականացվում է մեր գանձող տեսուչների միջոցով:
Գործընթացը պարզեցնելու և վարչական շրջանների աշխատակազմ կամ, ինչպես մարդկանց մոտ է ընդունված անվանել՝ թաղապետարաններ այցելելը նվազեցնելու համար էլեկտրոնային ծրագիր է ներդրվել, որի հետ աշխատում են նաև մի շարք բանկեր, փոստային մասնաճյուղեր: Քաղաքացիները նույնպես կարող են ինքնուրույն վճարել հարկը՝ էլեկտրոնային հարթակն օգտագործելով: Այս ամենին զուգահեռ քաղաքացիները կկարողանան վճարել հարկը թաղապետարաններում, իսկ խնդիրներ ունեցող մարդկանցից գումարը կհավաքի գանձող տեսուչը:
Արմեն Հարությունյան - Մեր առաջ դրված խնդիրը՝ վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմներին ինչպես նաև մեր վարչության կողմից, առավելագույն իրազեկումն է քաղաքացիներին: Քաղաքացու չիրազեկվածության պարագայում համայնքն ունի բյուջեի չհավաքման խնդիր: Դա մեզ համար ամենակարևոր գործոնն է, որ քաղաքացին իմանա, բացի դրանից՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ ինքը որպես հարկատու կարող է հաշվարկել, վճարել:
Հարկերի մուծման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է: Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի հաշվարկել՝ հարկերի հավաքման պլանը կատարվել է թե ոչ: Միաժամանակ հիշեցնում են՝ հարկը չմուծելու դեպքում 720 օր 0.04 տոկոս տուգանք կգա քաղաքացիների վրա, դրանից հետո համայնքը հնարավորություն կունենա դատարան դիմել և ստանալ գումարը: Հավաքագրված գումարը, Երևանի պարագայում նույնպես, ուղղվելու է համայնքի կարիքներին ու զարգացման ծրագրերին, հստակեցնում է Արմեն Հարությունյանը, բայց այս պահին դեռ չեն հստակեցրել, թե որ վարչական շրջանին որքան գումար կհատկացվի հավաքագրված գումարից, ասում են՝ գումարը կբաշխվի ըստ անհրաժեշտության: Հաշվարկել են նաև հաջորդ տարվա նախատեսվող հարկային մուտքերի չափը՝ 9 մլրդ 200 մլն դրամ: