ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Արամուս համայնքում ծանոթացել է համայնքի մանկապարտեզի շենքի շինարարության ընթացքին։
Համայնքում մանկապարտեզ չի եղել։ Այն կառուցվում է առաջին անգամ Կառավարության սուբվենցիոն ծրագրով, պետություն-համայնք 50/50 համաֆինանսավորմամբ:
Մոտ 1750 քմ ընդհանուր մակերեսով տարածքում կգործի ժամանակակից լուծումներով մանկապարտեզ 120 փոքրիկների համար։ Նախագիծն այնպես է մշակված, որ հետագայում երեխաների թվի ավելացման պարագայում նոր մասնաշենք կառուցելու հնարավորություն կա: Բարեկարգվում է նաև շենքի բակային հատվածը։
Նախարարը զրուցել է շինարարների հետ, հորդորել արագացնել շինարարության տեմպը և աշխատանքները կատարել բարձր որակով։