Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ երկրում նախապատրաստվում է իշխանության տապալման փորձ: Սկսվել է հետաքննություն: Ըստ հաղորդագրության՝ դա կարող է ենթադրել նաև նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավի բանտից ազատելու փորձ: Հոկտեմբերի 30-ին Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլն է. թեժ մրցակցություն է սպասվում Թբիլիսիի քաղաքապետի ընտրության հարցում: Թբիլիսիի բնակիչներն ընտրություն են կատարելու գործող քաղաքապետ Կախա Կալաձեի և Սաակաշվիլիի հիմնադրած կուսակցության կողմից առաջադրված Նիկա Մելիայի միջև: Ընտրությունների առաջին փուլում Կալաձեն հավաքել էր 45 տոկոս ձայն, իսկ Միացյալ ազգային շարժման թեկնածուն՝ 34 տոկոս:
*****
Ադրբեջանում սահմանվել է կարանտին՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: Պատճառը կորոնավիրուսի արագ տարածումն է: Համավարակի տարածումից ի վեր Ադրբեջանում մահացել է 7000 մարդ: Հաշվի առնելով ամբողջ աշխարհում ՔՈՎԻԴ-19-ի տարածման վիճակագրությունը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը մարդկանց կոչ է արել համատեղ ջանքերով պայքարել կորոնավիրուսի դեմ, քանի որ դրա մոտալուտ ավարտն առայժմ չի նշմարվում:
*****
Իրանը և միջազգային գերտերությունները ցանկանում են վերականգնել 2015 թվականի միջուկային համաձայնագիրը և փորձում են համաձայնեցնել Վիեննայում հնարավորինս արագ բանակցությունները վերսկսելու խնդիրը: Հայտարարել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոն: Նրա փոխանցմամբ՝ Բրյուսելում երեկ տեղի ունեցած Իրանի և Եվրամիության պատվիրակներ Էնրիկե Մորայի և Ալի Բաղերիի հանդիպումն արդյունավետ է եղել և տվել է Վիեննայում բանակցությունները շարունակելու հնարավորություն: Իրանի միջուկայի ծրագիրը կքննարկեն նաև Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ:
****
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և առաջին տիկին Ջիլ Բայդենին: Դուք խաղաղության համար պայքարում իմ տեսած ամենահզոր մարտիկն եք՝ ասել է Ջո Բայդենը Ֆրանցիսկոս պապին: Հանդիպումը նախատեսվածից շատ ավելի երկար է տևել՝ 1.5 ժամ: 2014-ին նախագահ Բարաք Օբամայի և Ֆրանցիսկոս պապի հանդիպումը 50 րոպե էր տևել, իսկ 2017-ին Դոնալդ Թրամփի հետ պապը զրուցել է ընդամենը կես ժամ: Հանդիպումը կայացել է Ջո Բայդենի եվրոպական շրջագայության շրջանակում: Նա Իտալիա է մեկնել մասնակցելու G20-ի գագաթնաժողովին: