Օպերատիվ տեղեկությունների իրացման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնում 2021 թ. մայիսի 22-ին քրեական գործ է հարուցվել «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲ ընկերությունում առերևույթ կատարված կոռուպցիոն չարաշահման դեպքի առթիվ:
Պատշաճ դատախազական հսկողության ներքո ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ նախկին տնօրեն Ռ. Չ.-ն պաշտոնավարման ընթացքում հիվանդանոցին պետության կողմից հատկացման ենթակա ֆինանսական միջոցներից խաբեությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել իր հետ համատեղ բնակվող որդու` Վ. Չ.-ի հետ և, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2014 թ. հունվարի 1-ին որդու հետ կնքել է ավտոմեքենայի վարձակալության բովանդակությամբ կեղծ պայմանագիր:
Դրանից հետո, հիվանդանոցի տնօրենը 2014 և 2015 թթ. ձևականորեն կազմակերպել է «Մարդատար ավտոմեքենայի վարձակալության ծառայությունների մատուցման գնման գործընթաց», դրանում իբրև հաղթող ճանաչված իր որդու հետ կնքել հիվանդանոցի կարիքների համար մարդատար ավտոմեքենայի վարձակալության ծառայությունների մատուցման գնման` բովանդակությամբ կեղծ պայմանագրեր, իսկ 2016, 2017 և 2018 թվականներին կնքվել են հիշյալ պայմանագրում նշված ծառայությունները շարունակելու վերաբերյալ համաձայնագրեր:
Համաձայն այդ պայմանագրերի և համաձայնագրերի՝ Վ. Չ.-ին սեփականության իրավունքով պատկանող «Միցուբիշի Պաջեռո Իո» մակնիշի ավտոմեքենան 2014-2019 թթ. ընթացքում ամսական 135000 կամ 200.000 ՀՀ դրամ գումարով իբրև թե վարձակալության է հանձնվել «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲ ընկերությանը, մինչդեռ պարզվել է, որ իրականում այդ ողջ ընթացքում ավտոմեքենան հիվանդանոցի կարիքների համար չի ծառայել:
Եվ չնայած այդ հանգամանքին՝ 2014 թ. հունվարից մինչև 2019 թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Ռ. Չ.-ն որդու բանկային հաշվին, վերը նշված բովանդակությամբ կեղծ պայմանագրերի և համաձայնագրերի օգտագործմամբ, փաստացի փոխանցել է առանձապես խոշոր չափերով` 11.347.200 ՀՀ դրամ վարձակալության գումար՝ այդպիսով որդու օժանդակությամբ խարդախության եղանակով հափշտակելով հիվանդանոցի առանձնապես խոշոր չափերի այդ գումարը:
Հանցավոր նշված արարքները կատարելու համար «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲ ընկերության նախկին տնօրեն Ռ. Չ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Վ. Չ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:
Պետությանը պատճառված վնասը վերականգնելու հնարավորության ապահովման նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է կիրառվել նշված անձանց պատկանող գույքի վրա:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: