Էջմիածնում ամփոփվել է «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքը՝ պարգևատրման արարողությամբ:
Մրցաշարի հաղթողներին պարգևները հանձնել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, Արմավիրի մարզային իշխանության ներկայացուցիչներ:
Մրցաշարն անցկացվել է՝ Փարաքար-Էջմիածին մայրուղու 10 կմ երկայնքով: Վերջնագծին հասնելու համար պայքարել է 3 տարիքային խումբ: Առաջին տարիքային խմբի 15-17 տարեկան մասնակիցներից 1-3-րդ տեղեր զբաղեցնողները ստացել են համակարգիչ, երկրորդ և երրորդ խմբում 80 մասնակից ստացել է դրամական պարգև, մյուսները՝ հավաստագրեր:
Ամենատարեց 73-ամյա և 79-ամյա մասնակիցներին պարգևատրել է վարչապետ Փաշինյանը: Մրցավազքի հաղթողը Գյումրիից Երվանդ Մկրտչյանն է: Նա 10 կմ տարածությունը հաղթահարել է մոտ 30 րոպեում:
Վարչապետն իր ելույթում շնորհավորել է հաղթողներին, մրցանակակիրներին՝ ընդգծելով, որ այս մրցաշարը նույնպես կարող ենք արձանագրել որպես կայացած:
«Այս ընթացքում անընդհատ մի հարցով էի հետաքրքրվում, թե քանի մարդ, քանի քաղաքացի է հայտ ներկայացրել մասնակցելու և այդ հարցի պատասխանը ինձ անհրաժեշտ էր ոչ թե որպես վիճակագրություն, այլ հասկանալու համար՝ արդյոք այս նախաձեռնությունն անհրաժե՞շտ է մարդկանց, ՀՀ քաղաքացիներին: Եվ այն փաստը, որ 1500-ից ավելի մասնակից ենք ունեցել այսօր, տալիս է այդ հարցի պատասխանը:
Այո՛, այս նախաձեռնությունը, այս մրցաշարը անհրաժեշտ է քաղաքացիներին: Ճիշտ է, այս մրցաշարը կոչվում է «ՀՀ վարչապետի գավաթ», բայց, կարծում եմ՝ ակնհայտ է՝ այս մրցաշարը Կառավարության կամ վարչապետի կամ նախարարների համար չենք անցկացնում, այս մրցաշարն անցկացնում ենք մարդկանց, ՀՀ քաղաքացիների համար: Մենք ուզում ենք մեր հայրենակիցներին աջակցել, խթանել, որպեսզի նրանք իրենց առաջ խնդիրներ դնեն և լուծեն այդ խնդիրները:
Երբ անցնում էի այս ճանապարհը, արձանագրեցի, որ կարևոր է ոչ միայն մարզաձևը, սպորտը, այլև բովանդակությունը: Ուզում եմ ուշադրություն դարձնել բովանդակության վրա. մարդը հայտ է ներկայացնում, խնդիր է դնում իր առաջ, այդ գիծը, որը կոչվում է մեկնարկ, հաղթահարում է արգելքը, տվյալ դեպքում՝ ճանապարհը, և լուծում է իր առջև դրված խնդիրը, հասնում է իր նպատակակետին և հատում է մյուս գիծը՝ վերջնարկը:
Ես ուզում եմ, որ մեր կյանքը, մեր երկրի, մեր հայրենիքի, մեր պետության կյանքը կազմակերպվի հենց այս տրամաբանությամբ: Մենք մեր առաջ խնդիրներ դնենք, ունենանք համարձակություն և վճռականություն՝ հատել մեկնարկ կոչվող գիծը և ունենանք հետևողականություն, վճռականություն, ուժ, կամք՝ հաղթահարել ճանապարհը և, ի վերջո, հասնել նպատակակետին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ այս նախաձեռնությունը լինելու է շարունակական, և տարվա ընթացքում կլինի նմանատիպ 4 մրցաշար, կանցկացվեն նաև սեղանի թենիսի և լողի մրցաշարեր:
«Ես ուրախ եմ, որ մենք արդեն մասնակից ունենք, որը վերջին երկու ամսվա ընթացքում 1 մլն դրամից ավելի մրցանակ է ստացել»,- ասաց վարչապետը:
«Այս տարի մեր պետության, անկախության 30-ամյակն է: Եվ այս մրցաշարերով մեր քաղաքացիները, մենք բոլորս պիտի ի ցույց դնենք մեր նվիրվածությունը մեր պետականությանը, մեր ինքնիշխանությանը, մեր անկախությանը և մենք պետք է կարողանանք առաջադրել խնդիրներ, հաղթահարել ճանապարհը և հասնել նպատակակետին: Այս փիլիսոփայությունը, այս հայեցակարգն են ընդգծվում այսօր»,- ընդգծեց վարչապետը: