«Եռաբլուրում» այսօր խնկարկել են ժամկետային, 44-օրյայի մասնակից Ազատ Մաջարյանի հիշատակը: Ազատն այսօր կդառնար 21 տարեկան: Առաջնագծում նա մինչև վերջ չի լքել դիրքը և նահատակվել է հերոսաբար:
Նարինե Գրիգորյան, Ազատ Մաջարյանի մայրը - 2020 թ. հոկտեմբերի 24-ին զոհվեց, հոկտեմբերի 30-ին դարձավ 20 տարեկան:
Հիմա «Եռաբլուրում» 21-ամյակի մոմերն են վառվում: Դատախազ դառնալու երազանքով, երգչի ընդունակություններով, շարքային Ազատ Մելքոնի Մաջարյան:
Նարինե Գրիգորյան - Հունվարի 30-ին պիտի զորացրվեր, տուն գար: Հոկտեմբերի 22-ին զանգեց, հարցրեց՝ ինչքա՞ն մնաց, ասացի՝ 100 օր: Վերջին անգամ իրեն տեսել եմ 2019 թ. օգոստոսին, երբ գնացել էի Ղարաբաղ, 3 օր մնացի:
Չհասցրեցին հանդիպել, 1 տարվա կուտակված կարոտն էլ չեն առնի: Պատերազմել մինչև վերջ, չլքել դիրքը, լինել առաջնագծում՝ դա Ազատի ընտրությունն էր:
Նարինե Գրիգորյան - Ուներ սրտի բնածին արատ, բայց ասաց, որ պիտի ծառայի, ասաց ու գնաց, գնաց ու չվերադարձավ:
Արսեն Ամիրխանյան, «Հաղթանակ» ջոկատի հրամանատար - Միշտ ժպտում էր, միշտ երգում էր, հնարավոր չէր Ազատին տեսնել ու իր աշխուժությամբ չոգևորվել:
Սառը քարից էլի տաք ժպիտով է նայում Ազատը: Մայրիկի մխիթարություն էլ որդու հերոսությունների մասին պատմություններն են ու ջերմությունը, որ ստացել և ստանում է: Այսօր էլ նրա կողքին են տղայի մարտական ընկերներն ու հարազատները, իր ընտանիքի լավ բարեկամն է դարձել նաև վարչապետի տիկինը: Աննա Հակոբյանն այսօր ևս Ազատի մայրիկի հետ «Եռաբլուրում» էր:
Նարինե Գրիգորյան - Հոգեբանական ճնշվածութայն դեպքում իմ կողքը կանգնած է եղել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, միշտ ինձ հանել է այդ նեղ վիճակից: Եվ այսօր Աննա Հակոբյանը կրկին չմերժեց ինձ՝ իմ երեխայի ծննդյան 21-ամյակին: Որպես կին, որպես մայր նրա ջերմությունն զգացել եմ:
Ավելացնում է՝ այդ ջերմութունն է օգնում դիմանալ կարոտին: Նաև տան դարակներին Ազատի հերոսության մասին պատմող մեդալները:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան