1400-ից ավելի քաղաքացի՝ դպրոցականից թոշակառու, հավաքվել էին հանրապետության սպորտային ամենամասսայական միջոցառումներից մեկին՝ «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքին մասնակցելու համար: Տարիքային 3 խմբերին հնարավոր էր տարբերել իրենց վերնազգեստով. ծիրանագույնը երեխաներն են, կարմիրը՝ երիտասարդները, կապույտը՝ կանանց պարագայում 36-ից, տղամարդկանց՝ 41-ից բարձր մասնակիցները: Մեկնարկից 3 ժամ շուտ եկել, համազգեստն ու համարանիշներն ստացել, անցել են մկանները տաքացնելուն:
100-ից ավելի մասնակից 3-րդ խմբում էր: Տղամարդկանց շրջանում ամենատարեցը 79 տարեկան էր, կանանց մոտ՝ 74: Ուժերը ռեալ են գնահատում, հաղթել գուցե չհաջողվի, բայց իրենց քայլը կարող է վարակիչ լինել: Կիսվում են սպորտային առույգության իրենց գաղտնիքներով:
Շուշանիկ Պողոսյան, «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մասնակից - Ճիշտ սնվեն, ճիշտ ապրեն, ներվերը հանգիստ լինի, չծխեն:
Խաչատուր Փրխոյան, «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մասնակից - Ասացի՝ երիտասարդությանն օրինակ ցույց տամ, որ իրենք էլ մեծանալուց շարունակեն:
Ժամը 13:00-ին երեխաները Հռիփսիմե եկեղեցու մոտակայքից, մյուս երկու խմբերը Փարաքարից մեկնարկի պաստառի մոտ են՝ կազմ ու պատրաստ կանգնած:
Առաջին հայացքից այնքան էլ բարդ չթվացող 10 000 մետր հեռավորությունն իրականում լուրջ փորձություն էր անգամ մարզիկների համար: Մասնակիցներից ոմանք վերջնակետին անգամ չհասան: Աթլետ Երվանդը ճանապարհի կեսից արդեն միայնակ առաջատար էր: 30 րոպե և նա արդեն Էջմիածնում է՝ ծափերի ներքո հատում է վերջնագիծը:
Երվանդ Մկրտչյան, «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հաղթող - Բոլոր մրցումներին էլ տրամադրվում ես, սա էլ է ինձ համար մրցում, բայց արդեն մասնակիցներին, իմ ընկերներին գիտեի, որոնք կարող էին այս տարածությունը վազել, բոլորին ճանաչում էի: Կարելի է ասել՝ մտածում էի, որ պիտի հաղթեմ:
Մռայլ եղանակը եթե չլիներ, մի քանի հարյուր մասնակից ավելի կմասնակցեին մրցույթին՝ վստահ է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Կարեն Գիլոյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Առաջին անգամ է, վստահ եմ, որ մասնակիցների քանակը տարեցտարի կավելանա, երբ որ սա ավանդույթ դառնա, իսկ ավանդույթներն ուժեղ են, երբ դրանք շարունակական են: Պիտի ամեն ինչ անենք, որ այդ ավանդույթները պահպանենք:
Դիանա Հովհաննիսյանը 36-ից բարձր կանանց խմբում լավագույնն էր: Կրոսավազքի մասին լսելուց հետո 20 օր ակտիվ պարապել և եկել է հաղթելու:
Դիանա Հովհաննիսյան, «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հաղթող - Ընդհանրապես չեմ կանգնել, հետո դիմացիս կինը մի պահ քայլեց ու այդ պահին ասացի՝ երևի դա է իմ շանսը, իրեն անցա ու առաջին տեղով մնացած 4 կմ-ը պահեցի մինչև վերջ:
Էջմիածնի հրապարակում արդեն մրցավազքից մեկ ժամ անց ամեն ինչ պատրաստ էր պարգևատրման արարողության համար: Մրցաշարի հաղթողներին պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամները, Արմավիրի մարզային իշխանության ներկայացուցիչները:
Մրցաշարը կարող ենք համարել կայացած՝ իր խոսքում նշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մասնակիցների թիվը փաստում է, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են քաղաքացիներին:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Մենք ուզում ենք քաղաքացիներին, մեր հայրենակիցներին աջակցել, խթանել, որ նրանք իրենց առաջ խնդիրներ դնեն և լուծեն այդ խնդիրները: Ես երբ անցնում էի այս ճանապարհը, արձանագրեցի, որ կարևոր է ոչ միայն մարզաձևը, սպորտը, այլև կարևոր է բովանդակությունը, որովհետև այստեղ ուզում եմ ուշադրություն դարձնել բովանդակության վրա: Մարդը հայտ է ներկայացնում, խնդիր է դնում իր առաջ, հատում է գիծը, որը կոչվում է մեկնարկ, հաղթահարում է արգելքը, տվյալ դեպքում՝ ճանապարհը, և լուծում է իր առաջ դրած խնդիրը, հասնում է իր նպատակակետին և հատում է մյուս գիծը, որը շատ գեղեցիկ հայերենով ու մեծ տառերով գրած է վերջնարկ: Ես ուզում եմ, որ մեր կյանքը, մեր հայրենիքի, մեր պետության կյանքը կազմակերպվի հենց այս տրամաբանությամբ՝ մեր առաջ խնդիրներ դնենք, ունենանք համարձակություն, վճռականության, հատել մեկնարկ գիծը և ունենանք հետևողականություն, վճռականություն, ուժ, կամք հաղթահարել ճանապարհը և, ի վերջո, հասնել նպատակակետին:
Այս նախաձեռնությունը շարունակական է լինելու, հաջորդ տարի արդեն կլինի վարչապետի գավաթ 4 մարզաձևում՝ սեղանի թենիս, լող, վազք ու հեծանվավազք՝ յուրաքանչյուրը 15 մլն դրամ մրցանակային ֆոնդով: Վարչապետի խոսքով՝ պետք է ևս մեկ բաց լրացնել, հետագայում դրամական մրցանակներ կստանան նաև մրցույթների ամենատարեց մասնակիցները: