Դավիթ Հովհաննիսյան (շինարարության գլխավոր աշխղեկ) - Հին դպրոցը 60-ական թվականների կառուցված էր, ուղղակի իրա լուծումները հիմիկվա սեյսմիկ նորմերին ընդհանրապես չէին համապատասխանում:
Ոչ միայն Երևանի թիվ 116 դպրոցը, այլև ընդհանուր 46 դպրոց ճանաչվել է ոչ սեյսմակայուն: Հեռավոր 60-ականներին դպրոցները նախագծել էին հավաքովի կոնստրուկցիաներով, մինչև 5 բալ սեյսմակայունությամբ: Կան նաև քարե շարվածքով դպրոցներ, որոնք նույնպես համարվել են ոչ սեյսմակայուն: Խարխուլ վիճակում էր նաև Պտղունքի դպրոցը, այն երբեք չի վերանորոգվել։ Շենքն ուներ 4-րդ կարգի վթարայնության աստիճան: Հիմա այդ դպրոցների փոխարեն վեր են խոյանում շինարարական նոր չափորոշիչներով դպրոցներ:
Դավիթ Հովհաննիսյան - Ունենալու ենք դպրոց ինը բալանոց սեյսմիկ համակարգով:
Նոր կառուցվող դպրոցները երկաթբետոնե, մոնոլիտ ծածկերով կառույցներ են: 46 դպրոցից 14-ը Երևանում են հիմնովին կառուցվում, մնացածը՝ մարզերում: Ընդհանուր առմամբ, Կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջոցներով արդեն կառուցվել ու կառուցվում է 23 դպրոց:
Հայկ Գալստյան (ՏԶՀ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համակարգող) - Այս պահի դրությամբ կառուցել և շահագործման ենք հանձնել 7 դպրոց, ևս 16-ը շինարարության փուլում են:
Ընդհանուր առմամբ Տարածքային զարգացման հիմնադրամի իրականացրած սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով դպրոցաշինության համար հատկացվել է 107 մլն դոլար: 46 դպրոցների զգալի մասը ենթակա է քանդման՝ ասում է ծրագրի համակարգողը:
Հայկ Գալստյան - Ամբողջ ծրագրի հիմնական արդյունքը 46 դպրոցների միջոցով շուրջ 20 հազար աշակերտի կրթական պայմանների բարելավումն ա:
Հիմնովին կառուցված դպրոցներում անվտանգ կրթական պայմաններում արդեն 5500 աշակերտ է սովորում: Դպրոցները լինելու են եռահարկ, ունենալու են վերելակ, ջեռուցման, հակահրդեհային, ջերմամեկուսացման համակարգեր, հարմարեցված հաշմանդամություն ունեցող երեխաների համար: