Կորոնավիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով նոյեմբերի 1-ից դիմակի կրումը պարտադիր կլինի նաև հանրային բաց տարածքներում, հայտնել են առողջապահության նախարարությունից:
Հանրային բաց տարածքներում դիմակ կարող են չկրել մինչև 5 տարեկան երեխաները, նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահների գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողներն ու միջոցառման անմիջական մասնակիցները՝ բացառությամբ լրագրողների և սպասարկող անձնակազմի: Դիմակ կարող են չկրել նաև քրոնիկ շնչառական հիվանդություն ունեցողները, որոնք սակայն իրենց մոտ կունենան համապատասխան բժշկական փաստաթուղթ: Բացօթյա տարածքներում դիմակ կրելու պահանջից ազատված են նաև մարզվողները կամ հեծանվորդները, բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերի, հանգստյան գոտիների և լողափերի, սարերի, անտառների և նմանատիպ բացօթյա տարածքների այցելուները, այն հեռուստահաղորդավարները, որոնք տաղավարում միայնակ են, սուրդոթարգմանիչները, խլությամբ տառապող անձինք, որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը, հոգեկան և վարքի խանգարումներ ունեցողները, ինչպես նաև ծխողները, խմիչք և սնունդ օգտագործողները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ Կառավարության վերջին նիստին չէր բացառել, որ բաց տարածքներում դիմակ դնելը կրկին պարտադիր դառնա։ Փաշինյանը բացատրել էր՝ այդ որոշմամբ կհեշտացնեն նաև ոստիկանների ու տեսչական մարմինների աշխատանքը։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Իրավիճակը ծայրահեղ ծանր է, երբ համընդհանուր դիմակ կրելու պարտադրանք կա, այդ դեպքում ավելի հեշտ է վերահսկել:
Բաց տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվել էր այս տարվա հունիսից: Վերջին ամիսներին, սակայն, հակահամաճարակային իրավիճակը օրեցօր բարդանում է, միայն այսօր Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը ավելացել է 2193-ով, մահացել՝ 52 քաղաքացի: Թեև կառավարությունը լոքդաունի անցնելու մտադրություն չունի, բայց հոկտեմբերի 25-ից բուհերն անցել են հեռավար ուսուցման, մեկ շաբաթով երկարաձգվել է նաև դպրոցական արձակուրդը: