Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգում աշխատողի մասնագիտական օրն է այսօր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը՝ շնորհավորելով համակարգի աշխատողներին:
«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հարգելի գործընկերներներ, վետերաններ, սիրելի հայրենակիցներ: Ջերմորեն շնորհավորում եմ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգում աշխատողի մասնագիտական օրվա առթիվ:
Մենք ներկայացնում ենք մի կարևորագույն կառույց, որին վստահված է երկրի տարածքում բնական և տեխնածին աղետները հնարավորինս կանխելու, դրանց դեմ պայքարելու բարդ ու պատասխանատու առաքելությունը:
Ծառայությունն իր մեջ, առաջին հերթին, ներառում է մարդասիրություն, օգնություն, բարություն: Մեր յուրաքանչյուր ծառայող քաջ գիտակցում է, որ մարդասիրությունն է, որ պիտի փրկի աշխարհը՝ կյանքը լցնելով միայն բարությամբ: Ուստի փրկարար ոլորտի գործունեության հիմքում մարդու և նրա իրավունքների հանդեպ խորը հարգանքն է:
Հիմնադրման օրվանից, Արցախում իր գործունեության 29 տարիների ընթացքում, ԱԻ ծառայությունն արժանապատվորեն է իրականացրել իր առջև դրված խնդիրն ու առաքելությունը: Իսկ ռազմական դրության օրերին իրենց աշխատանքով ոչ միայն պատերազմող Արցախից խաղաղության կոչ էին բարձրացնում աշխարհին, այլև տարածում մարդասիրական արժեքներ:
Այդպես էր Արցախյան առաջին պատերազմում, երբ կառույցը նոր էր ձևավորվել և բռնել կայացման ուղին: Այդպես էր և 2016-ին՝ Ապրիլյան առճակատման օրերին: Սակայն, 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողություններն ամբողջովին փոխեցին իրականությունը, և իրենց անձնվեր ծառայության համար Արցախի փրկարարները մեր հայրենակիցների կողմից արժանացան ամենամեծ գնահատանքին՝ վաստակելով «Տարվա հերոսներ» բարձրագույն կոչումը:
Ծառայությունը կարևորագույն դերակատարություն ունեցավ պատերազմական շրջանում ստեղծված իրավիճակում: Երբ հրթիռակոծվում էին խաղաղ բնակավայրերը, փրկարարները վտանգելով սեփական կյանքը՝ օդային տագնապի խլացնող ազդանշանի ուղեկցությամբ, արձագանքում էին բոլոր արտակարգ կանչերին, բռնկված հրդեհների դեպքում արագ կազմակերպում հրդեհաշիջման աշխատանքներ, փլված ու ավերված շենք-շինություններում կատարում որոնողափրկարարական աշխատանքներ, հումանիտար օգնություն տրամադրում ապաստարաններում պատսպարված մեր հայրենակիցներին:
Ակտիվորեն համագործակցելով պաշտպանության բանակի, առողջապահության նախարարության և այլ շահագրգիռ կառույցների հետ՝ փրկարարները նաև ռազմական գործողությունների էպիկենտրոնում էին՝ զոհված և վիրավորում ստացած զինծառայողներին տարհանելու նպատակով:
Շատ կարևոր էր այն հանգամանքը, որ այդ մարտահրավերներին դիմագրավելու համար ԱԻՊԾ-ն իրացրեց ողջ ներուժն ու գործիքակազմը: Այսօր էլ, երբ պատերազմ չէ ու խաղաղություն չէ, փրկարար-ծառայողները շարունակում են Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածքներում իրականացնել որոնողական աշխատանքներ, տարհանել զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ ու մասունքներ:
Սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ սակրավորական խմբերին վերապահվել է Արցախի տարածքը մաքրել կյանքի համար վտանգ սպառնացող ռազմամթերքից: Այդ պատասխանատու աշխատանքի արդյունքում մինչ օրս քաղաքացիական բնակչության շրջանում դժբախտ ելքով դեպքեր չեն արձանագրվել:
Ծառայողական գործունեության այս մակարդակը, որն ունենք այսօր, վկայում է մեր ծառայողների մասնագիտական ու գործառական բարձր պատրաստվածության մասին: Սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ բոլորիդ և երախտապարտ Ձեր նվիրվածության համար: Ուրախ եմ, որ ունեմ Ձեր նման պատասխանատու համածառայակից ընկերներ, և որ ձեզնից մեկը ես եմ:
Մենք միասին անցել և անցնում ենք չափազանց բարդ ու դժվարին ճանապարհ և դեռ շատ անելիքներ ունենք:
Մեր պատասխանատու աշխատանքից է նաև մեծապես կախված երկրի առաջընթացը, ներքին անվտանգության ապահովումը, ներքին համերաշխության ձևավորումը: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, քաջառողջություն և ամենայն բարիք»,- ասված է ուղերձում: