2020 թվականի հոկտեմբերի 4-ն է. ռմբակոծված Ստեփանակերտի Վազգեն Սարգսյան փողոցում փրկարարները մարում են հրդեհը: Կադրում Վահրամ Մայիլյանն է՝ այժմ Ստեփանակերտի հրշեջ փրկարարական մասի հրամանատարը: Սեփական կյանքի և առողջության գնով պատրաստ է կատարել մասնագիտական պարտքը:
Վահրամ Մայիլյան, Ստեփանակերտի հրշեջ փրկարարական մասի հրամանատար - Պիտի ամեն ինչ ճիշտ կատարես և ամենագլխավորը՝ սառնասրտորեն մոտենաս այս ամենին:
Սառնասրտությունը փրկարարի կարևոր հատկանիշներից է՝ ասում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը: Մեխակ Արզումանյանը չի թաքցնում՝ առավել դժվար է հիմա, երբ ստիպված են աշխատել նաև թշնամու օկուպացված տարածքներում:
Մեխակ Արզումանյան, Արցախի ԱԻՊԾ տնօրեն - Փրկարարները պատվով կարողացան և կարողանում են այդ աշխատանքներն իրականացնել:
Մասնագիտական տոնի առիթով Արցախի արտակարգ իրավիճակի պետական ծառայության աշխատակիցներին շնորհավորել է նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական պարգևներ ու նվերներ հանձնել մի խումբ ծառայողների:
Արայիկ Հարությունյան, Արցախի նախագահ - Լքել Արցախն ավելի մեծ դասալքություն է, ավելի մեծ դավաճանություն: Եվ այն նույնն է, ինչպես թողնել մարտի դաշտը, մարտի դաշտում թողնել ընկերոջդ, զինակցիդ և այլն: Դրա համար պետք է գիտակցենք, որ հայրենիքի նկատմամբ պարտքը չեն կատարում հեռվից և, առաջին հերթին, պետք է դա կատարենք ապրելով այստեղ:
44-օրյա պատերազմի ժամանակ 4 փրկարար է զոհվել, 20-ից ավելին վիրավորվել են: Տիգրան Հարությունյանն ականի վրա պայթել է աճյունների որոնողական աշխատանքների ժամանակ: Պրոթեզավորումից հետո կրկին շարքում է՝ պատրաստ փորձն ու գիտելիքը փոխանցել նորեկներին:
Տիգրան Հարությունյան, Արցախի ԱԻՊԾ ընդհանուր վարչության ավագ սպա - Գործիս բնույթը փոխվել է, բայց ես միշտ պատրաստ եմ տղաների հետ լինել, ինչով կկարողանամ՝ կօգնեմ:
Արցախի փրկարարներն այսօր նվերներ ու շնորհավորանքներ են ստացել Արցախի և Հայաստանի գրեթե բոլոր գերատեսչություններից: