Մարզահամերգային համալիրում անցկացվող ամենամյա «ԴիջիԹեք էքսպո» միջազգային ցուցահանդեսն է: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայց են կատարել համալիր ու հայտնաբերել՝ «էքսպո»-ի մասնակիցներն ու հյուրերը տաղավարներում ինչպես հարկն է չեն պահպանում հակահամաճարակային նորմերը: Ի դեպ, նախորդ տարի միջոցառումը չէր անցկացվել հենց համավարակի չտարածման պատճառով:
Վարդգես Ռուբենյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետ) - Օրինակ՝ ա՛յ էս տաղավարը՝ երրորդ անգամ ենք արդեն տեղեկացնում, որ դիմակ դնեն:
ԱԱՏՄ իրազեկման բաժնի պետը արձանագրում է՝ համալիրի մուտքի մոտ կազմակերպիչներն ապահովել են դիմակներով, ախտահանիչ նյութերով, իսկ ահա ցուցասրահում պատկերը փոխվում է:
Գայանե Խաչատրյան (ԱԱՏՄ իրազեկման բաժնի պետ) - Ոչ բոլոր քաղաքացիներն են դնում կամ ոչ պատշաճ ձևով են դնում դիմակ, նաև սոցիալական հեռավորությունը պահպանված չէ, ինչը ևս հակահամաճարակային նորմերի խախտում է:
Վարդգես Ռուբենյան - Նույն անձը կարող է ներքևում դիմակով լինել, վերևում՝ արդեն ոչ:
«Էքսպո»-ի կազմակերպիչների խոսքով՝ մուտքի մոտ տեղադրվել են ախտահանիչ տեխնիկական միջոցներ, դիմակները բոլորին տրամադրվում են անվճար, թիմին միացած կամավորները շրջում ու դիմակ են տրամադրում քաղաքացիներին:
Արկադի Սահակյան («ԴիջիԹեք Էքսպո» միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչ) - Մենք նաև հաշվարկել ենք օպտիմալ հեռավորությունը տաղավարից տաղավար, որպեսզի հնարավոր լինի մեծ հոսքերի դեպքում ապահովել սոցիալական հեռավորություն, կարող եք տեսնել, որ սեղանները հեռու-հեռու են դրված:
Ցուցահանդեսի ընթացքում գրանցված բոլոր խախտումների դեպքերով արձանագրություններ կկազմվեն, խախտումներով աշխատած կազմակերպությունները վարչական պատասխանատվության կենթարկվեն: Ի դեպ, հոկտեմբերի 28-ի դրությամբ՝ ԱԱՏՄ աշխատակիցները 8000-ից ավելի ստուգայց են կատարել, արձանագրել` 770-ից ավելի խախտում, 80-ի դեպքում տուգանք կիրառել: