Մեծ արվեստագետ, որ մնայուն հետք է թողել համաշխարհային մշակույթում։ 2013-ին հիմնված և թարգմանաբար «ճամփորդ» նշանակող «Յոլջու» թատերական խումբն այսպես է բնութագրում երգահան Կոմիտասին և հանդիսատեսին հրավիրում ճանապարհորդության՝ դեպի երաժիշտ և երաժշտագետ Կոմիտասի կյանքի պատմություն։ «Կոմիտաս» թատերական ներկայացումը հանդիսատեսի դատին ներկայացվեց հոկտեմբերի 22-ի պրեմիերայով Ստամբուլի հայոց պատրիարքարանին կից Սուրբ Որոտման Որդիների եկեղեցում։
Ահմեդ Սամի Օզբուդաք (ներկայացման սցենարիստ, ռեժիսոր) - Երկարատև և աշխատատար գործընթաց էր։ Մի շարք աղբյուրներ, գրքեր եմ հետազոտել։ Չէի ցանկանում որևէ սխալ թույլ տալ։ Ինչ էլ անենք, բավական չի լինի այս պատմության համար։ Խոսքերը բավարար չեն Կոմիտասի պատմությունը ներկայացնելու համար։ Պետք էր որոշում կայացնել՝ կամ Կոմիտասի կյանքից մի դրվագ էինք ներկայացնելու, կամ կյանքի ամբողջական պատմությունը։ Որոշեցինք երկրորդն անել, քանի որ Թուրքիայում հանդիսատեսը ծանոթ չէ Կոմիտասի կյանքին։
Եկեղեցում բեմադրվող ներկայացման ամբողջ ընթացքն ուղեկցվում է հայկական «Լուսավորիչ» երգչախմբի կոմիտասյան կատարումներով։
Թատերախմբում ներգրավված են թուրք, քուրդ արվեստագետներ, որոնք ծանոթացել են Կոմիտասի պատմությանն ու ջանք ներդրել այն ներկայացնելու հանդիսատեսի դատին։ Ներկայացման ղեկավար Էրսին Ումուդ Գյուլերի համոզմամբ՝ Կոմիտասի պատմությունը ներկայացնելով, պատմում են նաև իրենց պատմությունը։
Էրսին Ումուդ Գյուլեր (ներկայացման ղեկավար) - Մեզ համար շատ հուզիչ նախագիծ է, որը շատ ենք սիրում։ Կոմիտասի պատմությունը նաև մեր պատմությունն է։ Շատ լավ անձնակազմ ունենք։ 40 հոգուց բաղկացած «Լուսավորիչ» երգչախումբը՝ Հակոբ Մամիկոնյանի գլխավորությամբ, ինչպես նաև թուրք, քուրդ արվեստագետներ, ովքեր Կոմիտասի պատմությունն են ներկայացնում։ Հայերեն, թուրքերեն, քրդերեն մի շարք ստեղծագործություններ Կոմիտասի շնորհիվ են հասել մեր օրեր։
Գյուլերն ընդգծում է՝ եկեղեցում ներկայացումը բեմադրելը և՛ կախարդական է, և՛ բարդ։ Ըստ նրա՝ Թուրքիայի հանդիսատեսը հենց այստեղ պետք է ծանոթանա Կոմիտասի կյանքի պատմությանը, Հայոց ցեղասպանության թեմային։
Էրսին Ումուդ Գյուլեր - Շատ կարևոր ենք համարում, որ ոչ քրիստոնյա հանդիսատեսը նույնպես գա և եկեղեցում դիտի այս ներկայացումը, Կոմիտասին, 1915 թվականը հասկանա հենց այստեղ։ Այլ քաղաքներ ենք ցանկանում գնալ՝ Թուրքիայի տարբեր քաղաքներ, ինչպես նաև Հայաստան, Ֆրանսիա, Գերմանիա:
Թատերախաղը հիմնված է Փարիզի հոգեբուժարանում գտնվող Կոմիտաս Վարդապետի հիշողությունների վրա, որոնք հանդիսատեսին տեղափոխում են երգահանի ծննդավայր՝ Քյոթահիա, Հայաստան, Բեռլին և Փարիզ, ներկայացնում ինչպես Հայոց ցեղասպանության սարսափելի իրականությունը, այնպես էլ Մարգրիտի հետ ծանոթությունը, Էջմիածնի կաթողիկոսությունում անցկացրած տարիները: Կոմիտասին մարմնավորում է թուրք հայտնի դերասան Ֆեհմի Քարաարսլանը: Ներկայացումը կարելի է դիտել ինչպես թուրքերեն, այնպես էլ ֆրանսերեն:
Ֆեհմի Քարաարսլան (դերասան) - Ամոթով պետք է ասեմ, որ ինչպես շատ թուրքեր, ես էլ Կոմիտասի մասին չգիտեի։ Սա առիթ եղավ։ Պետք է ճանաչենք նրան։ Այս հողերում ծնված մեր ընդհանուր արժեքն է։ Շատ կարևոր գործիչ և արժեք է։ Ես շատ ոգևորվեցի, երբ ինձ պատմեցին ներկայացման մասին։ Սկսեցի կարդալ։ Կոմիտասի երաժշտության երկրպագուն եմ դարձել։ Պատմությունը շատ հուզիչ է։ Սուրբ պարտականություն է նրան բեմի վրա ապրեցնելը, մարդկանց ներկայացնելը:
Բեմադրության ընթացքում հնչում են Կոմիտասի տարբեր ստեղծագործություններ Քարաարսլանի կատարմամբ։ Կոմիտասի երաժշտության երկրպագուն դարձած դերասանը նշում է, որ Վարդապետի կյանքի ողջ պատմությունը ներկայացնելը հեշտ չէ։
Ֆեհմի Քարաարսլան - Պատմությունը բազմաշերտ է։ Ներկայացումը Փարիզի հոգեբուժարանից է սկսում, որտեղ Կոմիտասը երևակայական գառան հետևից իր հիշողությունների գիրկն է ընկնում։ Գառան հետքերով մանկությունն ենք տեսնում, Բեռլինը, Փարիզը։ Ստամբուլը լքելու տեսարանները, թե ինչպես է մյուս 235 հոգու հետ բերման ենթարկվում, Չանքըրը ուղարկվում։ Ինչե՜ր են լինում այնտեղ...
Քարաարսլանը պատմում է մի օր «Կոմիտասը» Հայաստանում բեմադրելու իր ցանկության մասին։
Ֆեհմի Քարաարսլան - Հուսամ՝ մի օր նաև Հայաստանում կբեմադրենք և այնտեղի հանդիսատեսին կհանդիպենք։ Շատ կցանկանայի։ Այս ներկայացումը նրա մասին է, թե ինչպես միամտությունը, անմեղությունը ոչնչացվեցին վայրենության մեջ։ Մեր նպատակն է սա ցույց տալ։ Երբ մարդկանց ներկայացնում եք մեկ մարդու կյանք, շատ ցավալի պատմություն, մարդիկ կարողանում են կարեկցել։
«Յոլջու» թատրոնի և «Լուսավորիչ» երգչախմբի համագործակցությամբ «Կոմիտաս» ներկայացումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Այն ավարտվեց լեփ-լեցուն դահլիճի հոտնկայս ծափահարությունների ներքո։