«ՀՀ վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարի հաղթողը Երվանդ Մկրտչյանն է։
Վազորդը 10 կմ տարածությունը հաղթահարել է մոտ 30 րոպեում, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
«Սա հիանալի հնարավորություն էր թե՛ ինքդ քեզ, թե՛ մյուս մարզիկներին ցույց տալու, որ կարող ես հաղթահարել քո առջև դրված խնդիրը: Շատ լավ հաղթահարեցի 10 կմ-ը»,- ասում է Երվանդ Մկրտչյանը:
Երվանդը գյումրեցի է, և ըստ նրա՝ Գյումրիում վազելն ավելի բարդ է, քանի որ ծովի մակարդակից բարձր է, իսկ Երևանը՝ ցածր, ու տարածությունն ավելի հարթ էր:
«Չի կարելի ասել, թե հավասարը չունեի: Այստեղ շատերին ճանաչում եմ, բոլորն իմ ընկերներն են ու բոլորն էլ շատ լավ վազեցին: 10 կմ վազելու փորձ չունեի, 5 անգամ մասնակցել եմ Երևանի կիսամարաթոնին ու 5 անգամ էլ չեմպիոն դարձել։ Նման մրցաշարերը շատ եմ կարևորում. սա ևս կնպաստի աթլետիկայի զարգացմանը մեր երկրում, քանի որ աթլետիկան սպորտի թագուհին է»,- եզրափակել է խոսքը Երվանդ Մկրտչյանը: