Տեղի ունեցավ այն, ինչի մասին վերջին շաբաթներին գրում էին միջազգային պարբերականները: Մարկ Ցուկերբերգը փոխեց Ֆեյսբուք ընկերության անվանումը. այն այսուհետև կոչվելու է Մետա: Լուրն իրարանցում էր առաջացրել Ֆեյսբուքի հայկական տիրույթում: Օգտատերերից շատերը կարծել էին, թե փոխվել է սոցիալական ցանցի անվանումը, մինչդեռ, ուղղակի փոխվել է այն ընկերության անունը, որը ներառում է նույն Ֆեյսբուքը, նաև Ինստագրամը, WhatsApp-ը:
Նոր անվանումը դուր է եկել ներդրողներին: Ընկերության բաժնետոմսերն արժևորվել են ավելի քան 2 տոկոսով: Իրադարձությունը նաև որոշ կազուսային իրավիճակներ է առաջ բերել: Ներդրողների մի մասը շփոթել է նորաստեղծ Մետա ընկերությունը մեկ այլ՝ կանադական Մետա Մաթիրիալս կազմակերպության հետ: Արդյունքում՝ այս ընկերության արժեթղթերը թանկացել են 26 տոկոսով:
Կրիպտո-արժույթների շուկայում իսկական իրարանցում է: Չնայած կրիպտոների շրջանառությունը սահմանափակելու որոշ միջազգային ֆինանսական կառույցների և պետությունների ջանքերին՝ բիթքոինը, ինչպես նաև այլ վիրտուալ փոխարժեքները, շարունակում են բարձր ցուցանիշ գրանցել: Այժմ մեկ բիթքոինը 61 հազար դոլար է: «SQUID» թոքենը, որն նույնպես վիրտուալ դրամ է, մեկ օրում արժևորվել է 3380 տոկոսով: Այն ստեղծվել է կորեական «Կաղամարի խաղը» սերիալի հիման վրա:
Այս շաբաթ եռամսյա հաշվետվություն են ներկայացրել ամերիկյան տեխնոգիգանտները: 2018 թվականից ի վեր առաջին անգամ Apple ընկերությունը նախատեսածից վատ ցուցանիշներ է արձանագրել: Վերջին ամիսներին Apple-ը միկրոչիպերի մատակարարման հետ կապված խնդիրներ է ունեցել, ինչի հետևանքով Այֆոնի վաճառքը նվազել էր: Apple-ի գահավիժման հետևանքով աշխարհի ամենաթանկ ընկերություն է դարձել Microsoft-ը, որի արժեքն այժմ 2 տրիլիոն 46 միլիարդ դոլար է: Սրընթաց հաղթարշավը շարունակում է էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերությունը: Մեկ արժեթղթի համար այժմ անհրաժեշտ է վճարել ավելի քան 1000 դոլար:
Ամերիկացի փորձագետները ներկայացրել են առավել խոստումնալից ընկերությունների ցանկը: Օրինակ, Վիրջին Գալաքտիք ընկերությունը, որը գործում է տիեզերական զբոսաշրջության ոլորտում, վերջին ամիսներին զգալի անկում է արձանագրել: Սակայն ամերիկացի մասնագետները վստահ են, որ կազմակերպությունը վերականգնելու է դիրքերը:
Խոստումնալից ակտիվ է համարվում նաև չինական Alibaba-ն, որը վերջին մեկ տարում արժեզրկվել է մոտ 50 տոկոսով: Պատճառը՝ Չինաստանի կարգավորող մարմինների հայտարարություններն են: Սակայն ընկերության արձանագրած ցուցանիշները բարձր են, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Alibaba-ի արժեթղթերը կրկին թանկանալու են: