Ելույթ ունենալով «Մեծ քսանյակի» (G-20) գագաթնաժողովին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը համաժողովի մյուս մասնակիցներին առաջարկել է համագործակցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հարցում:
«Անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը պատվաստանյութերի վերաբերյալ հետազոտությունների և դրանք զարգացնելու ուղղությամբ, ինչպես նաև աջակցել պատվաստանյութ արտադրող ընկերություններին՝ զարգացող երկրների հետ համատեղ հետազոտությունների, մշակումների և արտադրության կազմակերպման գործում»,- Չինաստանի ղեկավարի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:
Ծինփինի խոսքով՝ երկրները պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց պատվաստանյութերը՝ հիմնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած պատվաստանյութերի ցուցակի վրա:
Բացի այդ, նա առաջարկել է, որ երկրներն ու ԱՀԿ-ն հրաժարվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նկատմամբ մտավոր սեփականության իրավունքներից և կոչ անեն պատվաստանյութեր արտադրող ընկերություններին՝ զարգացող երկրներին փոխանցելու դրանց արտադրման տեխնոլոգիաները:
Ծինփինը գագաթնաժողովին մասնակցել է տեսակապով՝ Պեկինից։