Գերմանիայի կանցլերի պարտականությունները կատարող Անգելա Մերկելը Frankfurter Allgemeine Zeitung-ի հետ հարցազրույցի ընթացքում խոսել է պաշտոնավարման ընթացքում բախված մարտահրավերների և պաշտոնաթողությունից հետո ունեցած ծրագրերի մասին, փոխանցում է ТАСС-ը:
Մերկելը հայտնել է, որ մեծ քաղաքականությունից հեռանալուց հետո պատրաստվում է շատ ճամփորդել և կարդալ:
«Կան շատ բաներ, որոնք ինձ՝ որպես կանցլերի հասանելի չէին։ Գուցե ճանապարհորդեմ, կարդամ կամ պարզապես ազատ ժամանակ զբաղվեմ ինչ-որ նոր բանով՝ իմանալով, որ 20 րոպե անց որևէ ճակատագրական բան տեղի չի ունենա: Ես դրան սպասում եմ»,- ասել է նախկին կանցլերը։
Նրա խոսքով՝ իր պաշտոնավարման ընթացքում ամենաբարդ ճգնաժամերը եղել են 2015 թ. փախստականների ներհոսքը, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակը: Մերկելը նշել է, որ իր համար ամենաբարդ գործը եղել է այնպիսի որոշումների կայացումը, որոնք ազդեցություն են ունեցել միլիոնավոր մարդկանց ճակատագրերի վրա:
Անգելա Մերկելը հոկտեմբերի 26-ից հանդիսանում է Գերմանիայի կանցլերի պաշտոնակատարը։ Նա կանցլերի պարտականությունները կկատարի մինչև Գերմանիայում կոալիցիոն նոր կառավարության ձևավորումը: