Հայաստանի 2022 թվականի պետական բյուջեում դեֆիցիտի ֆինանսավորման համար կներգրավվեն հիմնականում ներքին աղբյուրների միջոցներ: Միաժամանակ պետությունը եկող տարի ավելի քիչ արտաքին պարտք կվերցնի և ավելի շատ գումարներ կուղղի արդեն եղած պարտքի մարմանը:
Այսպես՝ 2022 թվականի 2 տրլն 189 մլրդ 228 մլն դրամ բյուջեում դեֆիցիտը կազմում է 242 մլրդ 991 մլն դրամ: Ներքին աղբյուրներից ստացվող միջոցները կազմում են 285 մլրդ 164 մլն դրամ, իսկ արտաքին պարտքի մարումները 42 մլրդ 172 մլն դրամով գերազանցելու են ստացվող միջոցները:
Եկող տարվա բյուջեի կառուցվածքում դեֆիցիտը կազմում է 11.1 տոկոս, այս տարի այն 18.5 տոկոս էր:
Արշալույս Մարգարյան (ՀՀ ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության պետ) - Պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությամբ արդեն նախատեսված է, որ ներքին աղբյուրների հաշվին դեֆիցիտի ֆինանսավորման ծավալները պետք է աճեն ավելի արագ, և դրա վերջնական նպատակը պարտքի մնացորդում ներքին միջոցների, ներքին աղբյուրներից ներգրավված միջոցների տեսակարար կշռի մեծացումն է:
Այս պահի դրությամբ Հայաստանի ներքին պարտքը բացառապես արժեթղթերի թողարկումից է ստացվում, որոնք հիմնականում ձեռք են բերում ռեզիդենտ կազմակերպությունները:
Արշալույս Մարգարյան - Պետական պարտքի մեջ մեծացնելով դրամային միջոցների տեսակարար կշիռը՝ մենք, փաստորեն, նույնքանով նվազեցնում ենք փոխարժեքի ռիսկի ազդեցությունը պարտքի մեծության վրա:
Տնտեսագետները ևս դրական են գնահատում դեֆիցիտը ներքին պարտքի միջոցով փակելու ռազմավարությունը:
Կարեն Սարգսյան (տնտեսագետ) - Այս պահի դրությամբ ներքին պարտավորություններ-արտաքին պարտավորություններ հարաբերակցությունը հետևյալն է՝ 27 տոկոս ներքին պարտքերն է և 72, 72-ից մի փոքր ավել արտաքին պարտքն է: Եվ եթե ժամանակային դինամիկով մենք նայենք, տեսնում ենք, որ ներքին պարտքի մասնաբաժինը գնալով, իհարկե ոչ շատ մեծ չափերով, բայց աճում է: Սա շատ ողջունելի է, բնականաբար:
Սարգսյանը նշում է, որ ընդհանուր պարտքի մեջ ներքին պարտքի մասնաբաժնի մեծացումը նաև փոքրացնում է պետական պարտքի սպասարկման ռիսկերը, նպաստում ներդրումների աճին:
Կարեն Սարգսյան - Ներքին պարտքի աստիճանական ընդլայնումը նաև կնպաստի Հայաստանի ներդրումային շուկայի ակտիվությանը, հանձինս բացի ինստիտուցիոնալ ներդրողներից քաղաքացիների կողմից, եթե խրախուսվի պետական պարտատոմսերի ձեռքբերումը, սա ևս շատ լուրջ խթան կհանդիսանա, որպեսզի շարքային քաղաքացին ևս իր մասնաբաժինն ունենա այս գործընթացում:
Արշալույս Մարգարյանը հիշում է, որ սովետական շրջանում գրեթե երբեք պետությունը ներքին շուկայում իր թողարկած պարտքերը չի մարել, և հիմա այս առումով նաև վերականգնվում է մարդկանց վստահությունը պետության նկատմամբ:
Արշալույս Մարգարյան - Ներքին խնայողությունները ակտիվացնելու և տնտեսական շրջանառության մեջ մտցնելու համար շատ կարևոր են ներքին պարտքի ավելացումը և ներքին պարտքի բարձր որակով սպասարկումը: Ինչը նպաստում է էդ հեղինակության դանդաղ տեմպերով, բայց հետևողական բարձրացմանը:
Կարեն Սարգսյան - Գնալով, եթե սա աճի բնականաբար, սա նաև թե՛ պետության հանդեպ վստահության բարձրացում ա, թե՛ նաև ներքին շրջանառության ընդլայնում ֆինանսական շուկայում:
2018-2019 թվականներին բյուջեի բարձր եկամուտների հաշվին որոշակիորեն մեղմվել էր դեֆիցիտը, սակայն 2020-ին և 2021-ին հայտնի պատճառներով դարձյալ մեծացավ դրա ծավալը: 2022-ի բյուջեով, ըստ էության, նախատեսված է եկամուտների ավելի արագ աճ, քան ծախսերն են, ինչն էլ նպաստելու է դեֆիցիտի մեղմմանը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան